Երկու տարի բարձր գնաճ ունենալուց հետո մենք հիմա ունենք գնաճ, որն ըստ էության թիրախից ցածր է. ԿԲ նախագահ
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով քննարկմանը ներկա Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին, ասաց, որ ներմուծվող պարենային ապրանքներն էժանացել են, որովհետև պարենի համաշխարհային գներն ընկել են, Հայաստանում պարենի գները թանկացել են, այսինքն՝ սղաճը պայմանավորված է ներքին գործոններով, մասնավորապես գյուղատնտեսական ցանքատարածությունների նվազումով։ 

«Դուք կառավարության ձեր գործընկերներին հորդորում եք քայլեր ձեռնարկել, որ ցանքատարածությունները մեծացնեն, որպեսզի մենք ավելի էժան գնով կարողանանք բանջարեղեն գնել։ Եվ եթե հորդորում եք, ո՞րն է կառավարության ձեր գործընկերների արձագանքը, և արդյոք դուք այդ արձագանքով բավարարվա՞ծ եք»,- հարցրեց պատգամավորը։  

Ի պատասխան՝ ԿԲ նախագահն ասաց, որ չեն հորդորում, որովհետև ամեն մեկը զբաղվում է իր գործով։

«Ես հարցի կոնտեքստը մի քիչ կլայնացնեի, որովհետև մենք վաղը տոկոսադրույքի որոշում ունենք, ես մամուլի ասուլիսով հանդես կգամ, բայց շատ կարևոր մի կրիտիկական կետում ենք հայտնվել։ Երկու տարի բարձր գնաճ ունենալուց հետո մենք հիմա ունենք գնաճ, որն ըստ էության թիրախից ցածր է, բայց թիրախից ցածր է՝ պայմանավորված այն գործոններով, որ դուք թվարկեցիք։ Ներմուծվող հիմնական պարենային ապրանքների գնանկում և ընդհանուր ապրանքային խմբերի էական նվազում, վառելիք և այլն, և այլն։ Բայց ունենք մեկ խումբ ապրանքների, եթե ընդհանրացնեմ, որը հիմնականում ծառայություններն են և կոշտ գներով արտահայտված խմբերն են, որոնք Հայաստանում ունեն գնաճ. տասնյակ տարիներ չի եղել նման բան։ Օրինակ՝ վարսավիրական ծառայություններ, վերանորոգում և այլն»,- ասաց ԿԲ նախագահը։

Նրա խոսքով՝ այս պարագայում առաջին խումբը, որը գնանկումային է, էապես պայմանավորված է առաջարկի գործոններով, որոնք եղել են ու հիմա չկան։ Մարտին Գալստյանի խոսքով՝ երկրորդ խումբ ծառայությունների գնաճը պայմանավորված է պահանջարկով։ 

Մանրամասները՝ տեսանյութում