«Մոսկվան շատ ակտիվ շինարարություն է անում Լուգանսկում, հնարավոր չի պատկերացնել՝ էլի կռիվ է լինելու»՝ ասում են հայ համայնքից, մինչդեռ միջազգայնագետը հրետանային ակտիվ պատերազմի վտանգ է տեսնում

«Լուգանսկում հանգիստ է, ակտիվ շինարարություն է ընթանում՝ վերականգնում են ճանապարհները, շենքերը, հիվանդանոցներ ու դպրոցներ են սարքում․ Մոսկվան ակտիվ շինարարություն է անում այստեղ»,-Civic.am-ի հետ զրույցում պատմեց Լուգանսկի հայ համայնքի նախագահ Վարդան Հայրապետյանը։ 

«Վերջին հարվածը Լուգանսկին, որ հասցվեց Ուկրաինայի կողմից, մոտ 2 շաբաթ առաջ էր՝ հարվածեցին ցելոֆաններ արտադրող գործարանին, ամբողջությամբ քանդվեց գործարանը։ Նաև ռուս զինվորների մնալու վայրին են հարվածել, բայց զոհեր չեղան։ Հիմա քաղաքացիական ենթակառուցվածքները նորմալ գործում են՝ լայն մասշտաբով շինարարություն է ընթանում, այնքան մեծ մասշտաբով են վերականգնում քաղաքը, որ հնարավոր չի պատկերացնել, որ էլի կռիվ է լինելու»,-հավելեց նա։

Նրա խոսքով՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելուց հետո, քանի որ էլ սահման չկա Ռուսաստանի հետ և ապրանքների մաքսազերծում չի լինում, գների փոփոխություն է նկատվում՝ էժանացել են։ Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Լուգանսկում այս պահին ավելի քան 3000 հայ է բնակվում։

Երեկ անօդաչու թռչող սարքերով խոցվել են Մոսկվայի բնակելի 2 շենքեր, սակայն ըստ պաշտոնական տվյալների՝ լուրջ վնասներ չեն եղել՝ տուժածներ չկան։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով է՝ Ուկրաինային 300 կմ հեռահարությամբ ամերիկյան հրթիռներ մատակարարելու հարցն օրակարգում է։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ առաջիկայում սպասելի՞ է այդ հրթիռների մատակարարումը Ուկրաինային, ինչին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց․ 

«Հավաքական Արևմուտքն ի դեմս Միացյալ Նահանգների սպառազինության տեսանկյունից խնդիր չի տեսնում Ուկրաինային զինելու մեջ։ Հետևաբար, ես հակված եմ կարծել, որ մոտ ժամանակներում Ուկրաինային կտրամադրվեն ոչ միայն զենիթահրթիռային համակարգեր, այլ նաև ՀՕՊ համակարգեր։ Հավաքական Արևմուտքը, ի դեմս Միացյալ Նահանգների՝ բեկում է ուզում մտցնել ռուս-ուկրաինական պատերազմում և ինչ-որ տեղ ուզում էին ռուսական արձագանքը տեսնել։ Եթե դրոնը կարող է հասնել Մոսկվա և բնակելի շենքին հարվածել, հետևաբար ինչպիսի՞ արձագանք կարող է լինել Մոսկվայի կողմից»,-մեկնաբանեց միջազգայնագետն ու ընդգծեց, որ անօդաչուների կողմից շենքերին հարվածելը ցույց տվեց նաև, որ Ռուսաստանի օդային տարածքն այդքան էլ պաշտպանված չէ։

«Այս ուկրաինական գրոհից հետո Մոսկվան կարձագանքի, եթե դրանք իրոք ուկրաինական ԱԹՍ-ներ են՝ ապա անպատասխան չեն մնա այդ գործողությունները։ Առաջին դեպքն էլ՝ Կրեմլում Պուտինի նստավայրին են փորձել հարվածել ուկրաինական ԱԹՍ-ները։»,-հավելեց նա։

Ինչ վերաբերում է ուկրաինական կողմին՝ միջազգայնագետի խոսքով՝ բավական լուրջ զինտեխնիկա է մտնում Ուկրաինայի տարածք, և հաշվի առնելով, որ Ռուսաստանն իր ծավալապաշտական նկրտումներից չի հրաժարվում, մոտ ժամանակներս Ուկրաինան լուրջ հակահարձակման կգնա, մինչդեռ Ռուսաստանը դեռ չի կորցրել իր պոտենցիալը․ «Մանավանդ, օրեր առաջ խոսք էր գնում, որ Բախմուտը չի լինի ամբողջովին գրավել, բայց ամեն գնով ՌԴ-ին հաջողվեց դա անել։ Հիմա կարծում են ամենազանգվածային գրոհը պետք է կիրառվի Կիևի ուղղությամբ, որի մասին խոսում են ռուսական մեդիաները։ Ակտիվ փուլ է մտնելու պատերազմը»։

Միջազգայնագետի դիտարկմամբ, եթե ԱՄՆ-ն 300 կմ հեռահար զենիթահրթիռային համակարգը տրամադրի Ուկրաինային, վերջինս դա կկիրառի ՌԴ սահմանամերձ  հատվածների վրա․ «Ականատես ենք լինելու հրետանային պատերազմական գործողությունների։ Ես հակված եմ կարծելու, որ այս պատերազմը տարիներ կտևի, որովհետև տոտալ անհանդուրժողականությունն ու թշնամանքն այն բարձր մակարդակի վրա են, որ նույնիսկ զարգացած դիվանագիտական հնարքներով հնարավոր չի լինի այս պահին կասեցնել լայնամասշտաբ պատերազմը։ Հատկապես, որ հավաքական Արևմուտքը կանգնած է Ուկրաինայի թիկունքին ու ամեն ինչ անում է, որ ՌԴ-ն կրի պարտություն։ Իսկ ՌԴ-ն պարտվողական դիրք չի բռնել դեռևս»։

Թե ինչ ազդեցություն է թողնելու ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի վրա, միջազգայնագետն ընդգծեց, որ Ադրբեջանը կշարունակի օգտվել առիթից, քանի որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և կշարունակի սադրանքների դիմել իր զավթողական քաղաքականության համատեքստում։

Դավիթ Կարապետյանը կարծում է, որ Ռուսաստանի պարտության դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը կօգտվի այդ պարտությունից․ «Հիմա ռուս խաղաղապահներն են ստանձնել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորությունը, և լավ, թե վատ կատարում են դա։ Պարտության դեպքում ՌԴ հեղինակությունը կընկնի, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը կօգտվի։ Ուկրաինան որևէ ազդեցություն չունի Արցախի հիմնախնդրի հանգուցալուծման գործում»։

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի մայիսի 22-ի տվյալների՝ մոտ 9000 քաղաքացիական անձ է սպանվել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում։  

Նարա Մարտիրոսյան