Գործընկերների աջակցությունը կարևոր է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր կազմակերպել են «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։


Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, կրթության ոլորտի, այդ թվում՝ միջազգային և սփյուռքի տարբեր կառույցների ավելի քան 70 ներկայացուցիչ։


Համաժողովի շրջանակում անցկացվել է կրթական էքսպո, որի ընթացքում կրթական, սփյուռքի և ՏՏ 9 կազմակերպություններ ներկայացրել են իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը և կրթական բարեփոխումների առաջխաղացմանը։ Երկրորդ անգամ անցկացվող այս համաժողովն արդեն դարձել է մի ձևաչափ, որով նախարարությունը հրավիրում է զարգացման գծով իր գործընկերներին՝ քննարկելու ոլորտի առաջընթացն ու առկա խնդիրները, լսելու փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև երկխոսության միջոցով առաջարկներ ստանալու և համադրելու ռեսուրսները հետագա քայլերի համար։


Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է կրթության ոլորտում կարևոր անելիքների շուրջ քննարկումների հնարավորությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Եվրոպական միության գործընկերներին համատեղ ջանքի համար:



Անդրադառնալով համաժողովի վայրի ընտրությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն պատահական չէ ընտրված. «Հանրակրթության ոլորտի կարևորագույն բարեփոխումները և հանրակրթության չափորոշչի փորձարկումը սկսել ենք հենց Տավուշի մարզից, և դրանք բոլորովին հեշտ ժամանակներ չէին: Երբ ամբողջ աշխարհը համավարակի պայմաններում կրթության շարունակականության խնդիր էր փորձում կարգավորել, կարծես խենթություն էր այդ պայմաններում բարեփոխումների գործընթաց մեկնարկելը: Այդ դժվարությունների համատեքստում կարողացանք գործընթացը մեկնարկել, և դա, իհարկե, համատեղ աշխատանք էր, որովհետև հանրակրթության չափորոշչի բարեփոխումների ծրագիրն իրականացրել ենք Եվրոպական միության գործընկերների և Համաշխարհային բանկի աջակցությամբ»:


Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ երկու տարի առաջ Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որը հիմնական ռազմավարական փաստաթուղթն է կրթության ոլորտում: Նրա խոսքով՝ երկու տարվա արդյունքներին հետհայացք գցելով՝ պարզ է դառնում, որ որոշակի փոփոխությունների կարիք կա գործողությունների ծրագրում և սահմանված մոտեցումներում, որպեսզի արդեն իսկ ելնելով դրա իրականացման ընթացքից՝ կատարվեն անհրաժեշտ խմբագրումներ ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով:


Անդրադառնալով ոլորտի կարևոր թիրախներին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման նպատակով Կառավարության իրականացրած ծրագրերը, որոնք վերաբերում են ուսուցիչների ատեստավորմանը, վարձատրության բարելավմանը և մասնագիտական զարգացմանը: Նրա խոսքով՝ այս քաղաքականությունների արդյունքում նախորդ տարի համակարգում գրանցվել է ավելի քան 3 հազար նոր ուսուցչի մուտք դպրոց։


«Մարդիկ արձագանքում են իրականացվող քաղաքականությանը, և ուսուցչի մասնագիտությունը դրանով իսկ դառնում է շատ ավելի գրավիչ: Հատկապես ուրախալի է, որ դպրոց նոր մուտք գործած ուսուցիչների շրջանում մեծ համամասնություն են կազմում երիտասարդները. մինչև 40 տարեկան ուսուցիչները կազմում են նոր մուտք գործած ուսուցիչների շուրջ 60 տոկոսը, ինչը բավականին լուրջ թիվ է:


Կարևորում եմ նաև, որ նոր ուսուցիչների շուրջ 56 տոկոսն աշխատում է գյուղական դպրոցներում. սա նշանակում է, որ մեր առանձին թիրախային ծրագրերը, որոնք ուղղված էին հենց այս խնդիրների կարգավորմանը, տալիս են իրենց առաջին արդյունքները:


Մեզ համար շատ կարևոր տարի է նաև հանրակրթության բովանդակային բարեփոխումների տեսանկյունից. նոր չափորոշիչն արդեն յոթ դասարաններում ներդրվել է, և հաջորդ տարին մեզ համար լինելու է վճռորոշ, երբ գրեթե բոլոր դասարանները կսկսեն աշխատել նոր չափորոշչով: Սա նաև բազմաթիվ խնդիրներ է առաջ բերում այն առումով, որ դպրոցները պետք է ճիշտ գործածեն չափորոշիչը:


Նույնիսկ ամենալավ գրված փաստաթղթերը չեն կարող տեղ հասնել, եթե մենք չունենք մոնիթորինգի հստակ մեխանիզմ, եթե մենթորության համակարգը չի աշխատում, և դպրոցները չեն ստանում այն աջակցությունը, որը կօգնի նրանց հասկանալ նաև չափորոշչի տրամաբանությունը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: