Այս տարի ընդամենը 500 տոննա կարտոֆիլ է ներմուծվել, այն էլ՝ որպես սերմացու․ Պապոյան

2024թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին արդեն 2500 տոննա կարտոֆիլ է ՀՀ-ից արտահանվել։ 


Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալխաս Ղազարյանի հարցին։


Պապոյանը նշեց՝ նախորդ տարիներին գյուղացիները դժգոհում էին, որ ներմուծված կարտոֆիլն է խնդիրներ առաջացնում իրենց ապրանքն իրացնելու համար։ Իսկ այս տարի ընդամենը 500 տոննա կարտոֆիլ է ներմուծվել, այն էլ՝ հիմնականում որպես բարձրակարգ սերմնացու։


«Այս տարի ձյունը մի փոքր շուտ է եկել Գեղարքունիքի մարզում, և բերքահավաքը դեռ չի ավարտվել։ Ե՛վ էկոնոմիկայի նախարարությունը, և՛ մարզպետարանը ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ տեխնիկան կտրամադրեն գյուղացիներին, որ կարողանանք կարտոֆիլն արագ քանդել ու հավաքել»,- ասա նախարարը։


Նախարարը նաև հավելեց, որ կառավարությունը ծրագրեր է մշակում՝ արտահանման ծավալները մեծացնելու համար։