Ռուսաստանի խնդիրները 160 տարի անփոփոխ են մնացել՝ դա «Արևմուտքի առավելագույն թուլացումն ու նվաստացումն է, այդ թվում՝ Եվրոպայի», ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա հիշեցրել
է 1864 թվականին Ֆյոդոր Տյուտչևի արտահայտությունը, որում նա բացառում էր դաշինքը
արևմտյան երկրների հետ՝ նրանց հակառուսական տրամադրությունների պատճառով, և Արևմուտքի
երկրների նկատմամբ Մոսկվայի միակ քաղաքականությունը տեսնում էր նրանց տարանջատումը։
Այդպես հակառակորդը կդադարի թշնամի լինել «անզորությունից», այլ ոչ թե
«համոզմունքից», կարծում էր բանաստեղծը։
«Ցավոք, ոչինչ
չի փոխվել վերջին 160 տարիների ընթացքում։ Եվ խնդիրները մնում են նույնը՝ Արևմուտքի առավելագույն
թուլացում ու նվաստացում, այդ թվում՝ Եվրոպայի։ Դրանում մեզ օգնում է հենց ԱՄՆ-ն։ Քանզի նրանց նպատակը Հին Աշխարհի (ի դեպ,
նաև մնացած աշխարհի) նկատմամբ գերիշխանությունն է»,- գրել է Մեդվեդևն իր Telegram-ալիքում։
Նա նաև
Ռուսաստանի նպատակն է անվանել ԱՄՆ-ի
փլուզումը կամ «լիարժեք հակակշռի» ի հայտ գալը, ինչպես դա եղել է ԽՍՀՄ գոյության և Վարշավյան
պայմանագրի ժամանակ։ «Եվ այստեղ արդեն տեսանելի են նոր հավասարակշռության
հեռանկարները՝ ՇՀԿ, ԲՐԻԿՍ, այլ տարածաշրջանային
միություններ, գլոբալ Հարավի երկրների հետ հարաբերությունների
համակողմանի զարգացում»,- կարծում
է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Նրա խոսքով՝ ուժերի նման հավասարակշռության այլընտրանքը «տոտալ պատերազմն է՝
մինչև մարդկության լիակատար ոչնչացումը»։ ԱՄՆ-ի հակակշռի բացակայության դեպքում
«աշխարհը չի դիմանա նույնիսկ տասը տարի», կարծում է Մեդվեդևը։ «Եթե Արևմուտքը
չհասկանա այս պարզ ճշմարտությունը, դա կլինի բոլորի վերջը»,- եզրափակել է
Մեդվեդևը: