Եվս 3 տարի 7 տոկոս տնտեսական աճը կապահովենք. վարչապետ
Այսօր ԱԺ-ում, երբ վարչապետն ավարտեց ներկայացել Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները, պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ասաց, որ տնտեսական աճի դինամիկան խոսում է այն մասին, որ չնայած արդեն որոշ ժամանակ այս մասին խոսում են, բայց իրական ժամանակն է այս արտադրական շղթայում ևս մի օղակ ավելացնել, խոսքը վերամշակող ձեռնարկությունների ներգրավման մասին է։

«Մասնավորապես, օրինակ՝ նոր ժամանակի հրամայականի համապատասխանող պղնձաձուլարան Հայաստանում ունենալու մասին։ Եվ կարծում եմ, որ սա նաև զարկ կտա մեր տնտեսական աճի դինամիկային նաև պարարտ հող կստեղծի վերջնական պատրաստի արտադրանք Հայաստանում տալու։ Այս մասով ի՞նչ ունենք, ի՞նչ իրավիճակ է»,- վարչապետին հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության 2021 թվին ընդունված դրույթ ունեն, որտեղ գրված էր, որ կառավարությունը պետք է ընդունի արդյունաբերության հինգ գերակա ճյուղերի զարգացման ռազմավարությունը, և այդ հինգ  գերակա ճյուղերի ռազմավարությունն ընդունել են վերջերս։

«Եվ ես իմ խոսքում էլ նշեցի, որ մեր տնտեսության կարևորագույն խնդիրներից մեկը  տնտեսության բարդության աստիճանը բարդացնելն է։ Դա նշանակում է հետևյալը, որ եթե հիմա մենք պղնձի խտանյութ ենք ստանում և արտահանում, մեր խնդիրն այն է, որ այդ խտանյութը չարտահանել, այլ ձուլել։ Այ դրանից հետո մեր խնդիրն է, ոչ թե ձուլակտոր արտահանել, կամ ոչ միայն ձուլակտոր արտահանել, այլ օրինակ՝ պղնձալար արտահանել, դրանից հետո մեր խնդիրն է, ոչ թե այդ պղնձալարը կամ կիսաֆաբրիկատներ արտահանելը, այլ օրինակ՝ արևային պանելներ արտահանել, որովհետև պղինձը արևային պանելների ամենակարևոր բաղադրիչներից մեկն է և չիպեր արտադրել, էլեկտրաշարժիչների և էլեկտրոմոբիլների կոմպոնենտներ արտադրել և այդ խնդիրը կա, բայց այստեղ էլ մենք պետք է էլի անկեղծ խոսենք, շատ բարդ է դա անել փակ ճանապարհներով։ Եվ նաև այս նկատի ունեի, երբ որ մենք ասում ենք այ տեսեք ժողովուրդ ջան, հարևաններ սիրելի, և ատելի և ոչ սիրելի, հիմա, դուք պետք է մեր ճանապարահները բացեք, որ մենք մեր տնտեսության բարդության աստիճանը բարդացնենք, տնտեսությունն էլ հզորացնենք, ամեն ինչն էլ հզորացնենք, հետո կերևա՝ ինչ կլինի։ Պարզ է, որ մենք ճարպիկ ենք, բայց ամենաճարպիկը չենք»,- ասաց վարչապետը։

Այնուհետև նա նշեց, որ իր ելույթում այդ հարցին, ուրիշ տեսակետից էր մոտենում և ասում էր, որ եթե մենք արձանագրում ենք, որ սա մեր պետությունն է և մենք համաձայն ենք, որ ոչ մեկի նկատմամբ տարածքային պահանջ չունենք, մեզնից էլ պիտի չունենան և սա ոչ միայն պահի խնդիր է, սա ռազմավարություն է, այստեղից է պետք այդ խոսակցությունը սկսել։ 

«Չայած էլի եմ ասում, մենք տնտեսությունում ունենք հաջողություններ, բայց մեկ է դա ունի առաստաղ և ևս 3 տարի 7 տոկոս տնտեսական աճը կապահովենք։ Բայց կա մի առաստաղ՝ փակվածության պայմաններում, որ այդ առաստաղը կամ դժվար կհաղթահարենք կամ չենք հաղթահարի կամ էլ, երբ որ տեսնենք, որ մենք հաղթահարում ենք արդեն կասեն հոպ չեղավ, էս ոնց որ բանը բանից անցնում է»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում