Յուրաքանչյուր երկրի բարօրության հիմքը ամուր տնտեսությունն է. ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների հանրահռչակման համար՝ նպաստելով աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների և փորձագետների միջև գործակցային կապերի ամրապնդմանը։



Հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների, տարածական անհամամասնությունների և կյանքի որակի միջև առկա կապերը՝ գիտաժողովի շրջանակում խնդիր է դրվել վերլուծելու սոցիալ-տնտեսական մարտահրավերները և առաջարկելու հնարավոր լուծումներ քննարկումների և միջգիտակարգային գործակցության միջոցով, հետազոտելու թվային տեխնոլոգիայի փոխակերպման ազդեցությունը տարածական անհամամասնությունների վերացման, ինչպես նաև անհատների և համայնքների կյանքի որակի բարելավման տեսանկյունից։



Գիտաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրի բարօրության հիմքը ամուր տնտեսությունն է, որի կայացման ու հզորացման գրավականը բանիմաց և արհեստավարժ տնտեսագետների արդյունավետ գործունեությունն է կյանքի բոլոր բնագավառներում:



«Թերևս հենց այս հիմնավորմամբ՝ համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից ներդրվել է տնտեսագիտական կրթություն, իսկ կարճ ժամանակ անց՝ 1934 թվականին, կազմավորվել է Տնտեսագիտության ֆակուլտետը՝ որպես ինքնուրույն ստորաբաժանում: Այսօր Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում և առանձնանում գիտակրթական ոլորտում արձանագրած իր նշանակալի ձեռքբերումներով ու գիտական բարձր մակարդակով»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:



ԵՊՀ ռեկտորը վստահ է, որ առաջիկայում լինելու են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նոր ձեռքբերումներն արձանագրելու և շրջանավարտների հաջողություններով հպարտանալու բազմաթիվ առիթներ

ԵՊՀ  տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, խոսելով գիտաժողովի թեմայի արդիականությունից, նշեց, որ համաժողովի թեմաները՝ փոխակերպվող տնտեսությունը, թվային տեխնոլոգիաները, տարածական անհամամասնությունները, տեղի ունեցող համընդհանուր փոփոխությունների առանցքն են կազմում:



«Հպարտ եմ, որ մեր ֆակուլտետը այս գիտաժողովի նախաձեռնողն է։ Մեծ պատիվ է կանգնել գիտնականների, մասնագետների առջև, որոնք միավորվել են համաշխարհային տնտեսության ապագան հասկանալու և կերտելու բացահայտ հանձնառությամբ: Մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում, որը պայմանավորված է տեխնոլոգիական առաջընթացով, տնտեսական տեղաշարժերով և հասարակության վերափոխումներով, որոնք հիմնովին փոխում են մեր ապրելակերպը, աշխատանքը: Թվային տեխնոլոգիաները դարձել են առանցքային ուժ՝ վերաիմաստավորելով արդյունաբերությունը, փոփոխելով աշխատաշուկաները, ինչպես նաև փոխակերպելով մարդկային փոխառնչությունները»,- ընդգծեց դեկանը՝ մատնանշելով, որ մտադիր են այս գիտաժողովը դարձնել ամենամյա միջոցառում, որը կդառնա արդյունավետ հարթակ՝ նոր գաղափարների ստեղծման և համաշխարհային տնտեսության առջև ծառացած կարևորագույն խնդիրների քննարկման համար։



ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, խոսելով ներկայում աշխարհում անընդմեջ տեղի ունեցող փոփոխությունների մասին, ասաց, որ դրանք սպառնալիք են համաշխարհային տնտեսական, սոցիալական և քաղաքական իրադրությունների համար:

«Այս փոփոխությունների հիմքում են թվային նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ի հայտ գալն ու արագ զարգացումը։ Դրանք հիմնովին փոխում են մեր կյանքը՝ սկսած նրանից, թե ինչպես ենք աշխատում կամ ինչպես ենք ապրում: Եվ այս անորոշության և անդադար փոփոխությունների ժամանակաշրջանում մեր՝ քաղաքականություն մշակողների, հետազոտողների և մտքի առաջնորդների համար գլխավոր հարցը այն չէ, թե արդյոք մենք կարող ենք ընդհանրապես խուսափել այս մարտահրավերներից: Հարցն այն է, թե ինչ կարող ենք անել մենք, որ շատերը օգտվեն թվայնացման և տեխնոլոգիայի ընձեռած առավելություններից: Կարծում եմ՝ այսուհետ մեր քննարկման հիմնական թեման հենց սա է լինելու: Հուսով եմ, որ այս համաժողովը մեզ հնարավորություն կտա վերլուծելու, քննարկելու այս խնդիրները, կիսվելու մեր գաղափարներով»,- նշեց Մ. Գալստյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Տարածաշրջանային գիտության միջազգային ասոցիացիայի (RSAI) նախագահ Հանս Վեստլունդը՝ խոսելով անկախ երկրների տարբերությունների, տարածաշրջանային գիտության, տարբեր տեսությունների մասին: 



 

Ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական բոլոր միջոցառումների, այդ թվում՝ գիտաժողովի գլխավոր հովանավորն է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն, որը ֆակուլտետին աջակցում է նաև մի շարք այլ նախաձեռնություններում: Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը վստահ է, որ այս գիտաժողովը ոգեշնչելու է Երևանի պետական ​​համալսարանի ուսանողներին, որոնք սկսում են իրենց ակադեմիական և մասնագիտական ​​ճանապարհը:



«Այս տարիների ընթացքում ֆակուլտետը պատրաստել է բազմաթիվ փորձառու տնտեսագետներ, քաղաքականություն մշակողներ, բիզնես առաջնորդներ, որոնք մեծ դեր են ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Ուստի, մենք չէինք կարող բաց թողնել այս առիթը՝ աջակցելու ֆակուլտետին: Հույս ունեմ, որ այստեղ անցկացվող քննարկումները ոչ միայն կնպաստեն նորարար գաղափարների ստեղծմանը, այլև կխթանեն տարբեր երկրների համալսարանների միջև համագործակցության ձևավորումը: «Բիբլիոս Բանկ Արմենիա»-ն պատրաստակամ է շարունակելու աջակցել ֆակուլտետին և նմանատիպ նախաձեռնություններին, քանի որ մենք հավատացած ենք, որ ակադեմիայի և արդյունաբերության փոխկապակցվածությունը կարևոր է կայուն աճ և կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար»,- նշեց Հ. Ստեփանյանը

Նշենք, որ եռօրյա գիտաժողովը կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի և «Տարածաշրջանային գիտության քաղաքականություն» ամսագրի համագործակցության շրջանակում:



Գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանի պետական համալսարան են ժամանել Հարվարդի, Կոռնելի,  Սորբոնի,  Ազորեի, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական, Սանկտ Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի և այլ համալսարանների շուրջ 40 անվանի գիտնականներ աշխարհի ավելի քան 22 երկրներից՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Չիլիից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, ՌԴ-ից, Հնդկաստանից և այլ երկրներից:

Ֆակուլտետը գիտաժողովի շրջանակում 3 օր շարունակ վերածվելու է նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման կարևոր հարթակի։

Հավելենք, որ ֆակուլտետին աջակցել են նաև մի շարք գործընկերներ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը, «ԷկոՎիլ» ՍՊԸ-ն, «Բելլարտ» ՍՊԸ-ն, «Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: