Փոխվարչապետն ու Փրայսը քննարկել են ոռոգման և խմելու ջրի կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին:


Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:


Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:


«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման և զբաղվածության ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին:


Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ մշակվող ծրագրի նախնական շրջանակը, որով նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի ֆինանսավորմանը զուգահեռ իրականացնել նաև բնակարանաշինության ոլորտի բարեփոխումներ:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ուղղությամբ համագործակցությունը՝ ծրագրի շրջանակը առաջիկայում վերջնականացնելու նպատակով:


Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման և խմելու ջրի համակարգերի կառավարման ուղղությամբ հնարավոր համագործակցության, ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության այլ առաջնահերթությունների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: