Հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է վերջապես հաշվի առնել
սպառողների բողոքներն ու «զբաղվել» ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման
ոլորտում վերջին շրջանում հաճախակիացած խնդիրներով։ Հանձնաժողովը նախագիծ է
մշակել, որի նպատակն է էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի աշխատանքի, բաշխողի և սպառողների փոխհարաբերությունների բարելավումը և էլեկտրամատակարարման
ընդհատումների վերականգնման սահմանված ժամկետների խախտումների քանակի նվազեցումը:
Մասնավորապես,
Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծից civic.am-ը
տեղեկացավ, որ նախատեսվում է ԷԲՑ կանոնների 135-րդ կետով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում բաշխողի կողմից կրկնելու դեպքում սպառողին վճարել տույժ՝ սպառված էլեկտրական էներգիայի միջին ամսական
արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։ «Այս նոր մոտեցումը
նպատակաուղղված է բաշխողի կողմից վթարավերականգնման կանխարգելող աշխատանքների խթանմանը, ինչպես նաև սպառողի էլեկտրամատակարարման
վերականգնման՝ ԷԲՑ կանոններով սահմանված ժամկետների խախտման կրկնվելու դեպքում
պատճառած անհարմարության համար նախատեսում է բաշխողի կողմից սպառողներին լրացուցիչ
դրամական տույժի վճարում»,- նշված է նախագծին կից հիմնավորման մեջ։
Հանձնաժողովի
կողմից մշակված մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է կարգավորել մասնավորապես
ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում առկա իրավիճակը։
Խմելու
ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման
կանոնների գործող խմբագրության համաձայն՝ վթարի հետևանքով բաժանորդի
ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից
մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող ջրամատակարարման ընդհատման
դեպքում՝ 72 ժամը: Ջրամատակարարման ընդհատման վերականգնման սահմանված ժամկետների
խախտման համար նախատեսված է մատակարարի կողմից բաժանորդներին տույժի վճարում՝
մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի
չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը։
«Բազմաթիվ
դեպքերում վթարի հետևանքով բաժանորդի ջրամատակարարման ընդհատման սահմանված ժամկետի
խախտման հաճախականությունը կրկնվելու դեպքում, Կանոնների գործող խմբագրությամբ,
տույժի չափի փոփոխություն նախատեսված չէ։ Հետևաբար նախագծով առաջարկվում է
Կանոնների համապատասխան (141-րդ) կետով սահմանված ժամկետների խախտումը մեկ տարվա
ընթացքում կրկնելու դեպքում մատակարարի կողմից լրացուցիչ տույժի վճարում
բաժանորդներին՝ մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը»,-նշված
է նախագծին կից հիմնավորման մեջ։
Այդ
նախագծերը ընդունվելու պարագայում կգործեն 2025-ի հունվարի 1-ից։