Եթե ՀՅԴ բոլոր շրջաբերականները հրապարակվեն, ժողովուրդը կհասկանա՝ նրանք այլևս անելիք չունեն

Եթե Ադրբեջանը շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է համաձայնի զսպման մեխանիզմների ներդրմանը, և ցանկացած կրակոց պետք է դառնա քննության առարկա՝ թե՛ մեր կողմից եղած, թե՛ իրենց։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ադրբեջանն, ըստ նրա, սպասում է ինչ-որ բանի և հետաձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը։


Իսկ ընդդիմադիրների քաղաքական օրակարգը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, կեղծ է։ Լավ կլիներ, որ նրանք մասնակից լինեին Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանը և չխանգարեին իշխանություններին։


Անդրանիկ Քոչարյանը զարմացած չէ ՀՅԴ բյուրոյի շրջաբերականի բովանդակությունից։ «Իրենք էդպես ապրում են, էդպես շարունակում են և իրենց քաղաքական օրակարգը այդպես փորձում են տարածել իրենց շարքերում ու զարմանում են, որ դա հայտնվում է լրատվականում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանն ու ավելացրեց, որ ՀՅԴ-ն հաստատում է շրջաբերականի իսկությունը, որում ասվում է, որ ՀՀ-ն կարող է նաև անկախ պետություն չլինել։


«Եթե իրենց բոլոր գաղտնի շրջաբերականները մի օր հրապարակվեն, ապա մեր ժողովուրդը կտեսնի, որ այդ՝ հարյուր  քանի ամյա կուսակցությունը, ինչպես ասում էր իրենց լիդերներից մեկը ժամանակին, այլևս անելիք չունի»։


Անդրադառնալով ՀՅԴ շրջաբերականում Ջավախքի՝ Վրաստանի կազմում ինքնավարության համար պայքարելու հորդորին, Քոչարյանն ասաց, որ եթե Վրաստանը դրան ուշադրություն դարձնի, ապա դա կարող է գնահատել որպես սպառնալիք իրենց երկրի համար։ Քոչարյանի կարծիքով՝ ՀՀ համապատասխան մարմինները պետք է լուրջ վերաբերվեն ոչ միայն այդ շրջաբերականի բովանդակությանը, այլև դրա գործողությունների ընթացքին, քանի որ դա կարող է վտանգել մեր երկրի անվտանգությունն ու հարևանների հետ հարաբերությունները։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան