ՀՀ անկախությունը զիջել ՌԴ-ին՝ սա է ընդդիմության միակ նպատակը, և սա արդեն փաստաթղթավորված է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեր տրամադրության տակ է հայտնվել 2022-ի ապրիլի 7-ին ՀՅԴ բյուրոյի կողմից կուսակցության մարմիններին և անդամներին 34-րդ ընդհանուր ժողովի հիման վրա ուղարկված շրջաբերականը, որից ի հայտ են գալիս մի շարք ուշագրավ դրվագներ. «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն։ ...Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն ենթադրում են նաև անկախության աստիճանի որոշ նվազում...»։


Այս շրջաբերականը բավականին բուռն քննարկման առիթ է հանդիսացել քաղաքական շրջանակներում։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ։


«Մեծ հաշվով այդ շրջաբերականը արդեն իսկ փաստաթղթավորված, կարելի է ասել, ապացուցում է այն, ինչի մասին արդեն մի քանի տարի է՝ խոսում ենք ես, իմ գործընկերները։ Այն, որ Դաշնակցությունը, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը փաստացի նպատակ ունի ՀՀ անկախությունը զիջել Ռուսաստանին։ Ու դա արդեն իսկ անհերքելի է, դա արդեն իսկ փաստաթղթավորված է, ու այն ջղաձգումները, որ ցույց են տալիս տարատեսակ դաշնակներ, ես կարծում եմ՝ ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ մենք չենք սխալվել, և որ սա իրականում չափազանց մեծ իրադարձություն է Հայաստանի քաղաքական դաշտի համար»,- ասաց պատգամավորը։ 


 Նա նշեց, որ այդ շրջաբերականի 15-րդ և 16-րդ կետերում է ասվում, որ Ռուսաստանը կարող է Արցախը ենթարկեցնել իրեն՝ այս կամ այն ճանապարհով, և որ հավանական միության դեպքում Հայաստանի և Արցախի ճակատագիրը պետք է լուծվի որպես մեկ ամբողջություն։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան