Կարծում եմ՝ Բաքվում Պուտինին խորհուրդ են տվել ՀՀ նկատմամբ ուղիղ ճնշում գործադրել․ Ղևոնդյան

«Զանգեզուրի միջանցքի» բացման որոշումը պետք է կայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ այնպիսի պայմաններով, որոնք կհամապատասխանեն նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերին»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։


«Ես կարծում եմ՝ սա շարունակությունն է այն հայտարարության, որը մենք լսեցինք Լավրովից, իսկ դրա հիմքը հավանաբար Ադրբեջանում Պուտինին ներկայացված դրույթներն են, ըստ որի՝ Ադրբեջանը չունի ռեսուրսներ Հայաստանին ստիպելու, որպեսզի Ռուսաստանի շահերին համաձայն այդ միջանցքը կամ ճանապարհը բացվի։ Եվ ես ենթադրում եմ, որ Ադրբեջանում Պուտինին խորհուրդ են տվել ուղիղ կերպով Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել, և ավելի կոպիտ ասած, իրենք ստանան այդ ճանապարհը, քանի որ Ադրբեջանը չի կարողանում, և ռուսներն էլ փորձում են իրենց միջոցներով, իրենց հնարավորություններով Հայաստանի նկատմամբ ճնշում կիրառել»,- ասաց քաղաքագետը։   


Մարիա Զախարովան նաև հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականներին, դրանք կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են։


Այս առնչությամբ քաղաքագետն ասաց, որ քանի դեռ Հայաստանի իշխանությունները վախեր ունեն՝ կապված նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, վախենում են, որ ստորագրությունը հետ կանչելու դեպքում դա կարող է առիթ դառնալ և Ադրբեջանին հրահրել ինչ-որ գործողություններ իրականացնելու, որովհետև փաստացի նոյեմբերի 9-ի փաստաթութղը մի փաստաթուղթ է, որի միջոցով Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվում են ռազմական գործողությունները դադարեցնել, քանի դեռ այդպես է, ապա Զախարովան և այլ պաշտոնյաներ Ռուսաստանից անընդհատ մեջբերելու են եռակողմ համաձայնագրեր, անընդհատ սպառնալու են Հայաստանին, որ նրանց խախտումը բերելու է ինչ-որ խնդիրների։

   

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան