Բագրատ Գալստանյանը օրերս բակային
հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերադառնա կանխատեսելի
ու վստահելի գործընկերոջ իր նախկին կարգավիճակին։ Հայաստանի Հանրապետությունը պետք
է ձեռնամուխ լինի գործընկեր, դաշնակից պետությունների հետ հարաբերությունների վերականգնմանն
ու խորացմանը՝ միաժամանակ պատրաստակամ լինելով նոր հարաբերություններ ու նոր բարեկամներ,
դաշնակիցներ ձեռք բերելուն։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
տեսակապի միջոցով զրուցել է արտերկրում բնակվող Տեր Սահակ քահանա Գալստյանի հետ։
«Այսօր նա փողոցային ցուցարար
է և, բնականաբար, ինչպես որ մի ցանկացած ընդդիմադիր ցուցարար, կարող է ցանկացած հայտարարությամբ
հանդես գալ։ Սակայն նա արդեն իր սահմաններն անցել է։ Հունիսի 12-ին նկատվեց, որ սահմանադրական
կարգի տապալման արդեն կոնկրետ գործողություն տեղի ունեցավ։ Բայց այստեղ ես զարմացած
եմ մնացել ՀՀ թե՛ իշխանության, թե՛ իրավապահների վրա, որովհետև ինչ-որ գնահատականներ
հնչեցին պառլամենտի ամբիոնից, բայց այդպես էլ մենք չտեսանք գործնական գնահատական»,-
ասաց Տեր Սահակը։
Վերջինս նշեց, որ Գալստանյանը,
շրջելով բակերում և հայտարարություններ անելով, իհարկե հենվում է հենց ՌԴ իշխանության
և հատուկ ծառայությունների կոնկրետ ծրագրի վրա, որով ուզում են Հայաստանը նորից օկուպացնել,
ինչպես անցած դարի 20-ական թվականներին արեցին, երբ բոլշևիկները կազմաքանդեցին Հայաստանի
Առաջին հանրապետությունը և սովետական հանրապետության վերածեցին. նույն պրոցեսը սկսված
է, ուղղակի մարդիկ կան, որ չեն հավատում և չեն տեսնում ակնհայտ բաները։
Տեր Սահակի խոսքով՝ այսօր Ռուսաստանն
ամեն տեղ դրա մասին է խոսում, որ Սովետական Միությունը պետք է վերականգնվի։
«Եթե մարդը փոխգնդապետ է, եթե
մարդը սպասարկում է կոնկրետ Կրեմլի շահերը, և առաջին հերթին նա դրված է հենց իր շեֆի՝
Գարեգին չկաթողիկոսի կողմից, որպեսզի ՀՀ-ի մեջ առաջացնի քաղաքական պրոցես, որպեսզի
շեղի ուշադրությունը իրենից, շեղի ուշադրությունը նրանից, որ գահը ճոճվում է, և սկսի
անել նման գործողություններ, որոնք կապակայունացնեն ներքաղաքական վիճակը, ապա սրան
ոչ թե պետք է Տեր Սահակը գնահատական տա, պիտի իրավապահները գնահատական տան, պիտի գործնական
գնահատական լինի՝ ականջներից բռնեն, տանեն կալանավորեն, և պիտի պատասխան տա իր հանցանքների
համար։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկս գանք Հայաստան, անենք նման գործողություն պետության
դեմ և անպատիժ մնանք»,- նշեց Տեր Սահակը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան