Մեր տրամադրության տակ է հայտնվել
2022-ի ապրիլի 7-ին ՀՅԴ բյուրոյի կողմից կուսակցության մարմիններին և անդամներին
34-րդ ընդհանուր ժողովի հիման վրա ուղարկված շրջաբերականը, որից ի հայտ են գալիս մի
շարք ուշագրավ դրվագներ. «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն
ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության
ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն։
...Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները
ազգային շահի դիտանկյունից երբեմն ենթադրում են նաև անկախության աստիճանի որոշ նվազում...»։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ
Լևոն Շիրինյանի հետ։
«Հիմա շրջաբերականն ումն է, ումը
չէ, ես վերցնում եմ այնպես, ինչպես կա, որ ձեզ պատասխանեմ։ Բացարձակ քաղաքական հավկուրությամբ
վերլուծություն է, որովհետև կյանքն ապացուցեց, որ ոչ միայն գրվածն է սխալ, այլև գրողներն էլ են սխալ։ Հիմա ռուսամետ
են, թրքամետ են, իրանամետ են, թե Զանզիբարի մարդիկ են՝ կապ չունի։ Սա ապացույց
է այն բանի, որ հայ քաղաքագիտական միտքը այդ
հոսանքի կարգով զրոյի է վերածվել»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Նա նշեց, որ կա մի ռուսականացված
«հայություն»՝ աղճատված, մուտանտ գիտակցությամբ, քաղաքականապես իրենց շահերով, և կա
Հայաստան, որն այսօր գնում է դեպի Աստվածաշունչ և դեպի արարչություն, և դա հաղթելու
է։
Խոսելով նաև Բագրատ Գալստանյանի
այն հայտարարության մասին, որով նա կոչ է անում կյանքը չպայմանավորել ո՛չ հյուսիսի,
ո՛չ հարավի, ո՛չ արևմուտքի, ո՛չ էլ արևելքի հետ, այլ դուրս գալ
փողոց, Լևոն Շիրինյանն ասաց. «Ովքեր են նրան շրջապատած՝
երրորդ հանրապետության գողապետության պարագլուխները, որոնք թալանի ու կողոպուտի մասնակիցներն
են։ Ինչ ապացուցես, եթե մեկը միլիարդատեր է, տրեխներով միլիարդատերեր միայն Հայաստանում
կան, հիմա տեսեք՝ դրանք ինչ ունեն: Պուտինի նման Հայաստան պետությունն ատում են»,-
հավելեց Լևոն Շիրինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան