ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով գտնվում
էր Բաքվում, որտեղ հանդիպում ունեցավ Իլհամ Ալիևի հեը։ Նրանք քննարկեցին նաև հայ-ադրբեջանական
հարաբերությունները, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե ճանապարհների
ապաշրջափակման գործընթացը հայկական կողմն է սաբոտաժի ենթարկում։ Նշեց, որ 2020 թվականի
նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը հայկական կողմը չի կատարում, չնայած
նրան, որ այնտեղ կա վարչապետ Փաշինյանի ստորագրությունը, և այդ փաստաթուղթը արդիական
է ու գործում է։
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Civic.am-ի
հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը կորցնում է տարածաշրջանում իր ազդեցությունը։
Ըստ նրա ՌԴ վերջին հիմքը տարածաշրջանում, որի վրա հենվել էր Ռուսաստանը՝ Ալիևի տված
խոստումն էր Ռուսաստանին, որ Արցախի հայաթափման դիմաց ինքը ապահովելու է, որ Հայաստանում
իշխանափոխություն կլինի կամ ճանապարհների վերահսկողությունը կտրվի Ռուսաստանին, սակայն,
Ալիևը չի կարողանում այդ խոստումներն իրականացնել, քանի որ Արևմուտքի կողմից գտնվում
է ճնշումների տակ։ Ըստ Խուրշուդյանի՝ Պուտինը եկել էր Ալիևից այդ հարցերի պատասխանները
ստանալու համար։
Խաղաղության պայմանագրից ճանապարհների ապաշրջափակման հարցը դուրս
բերելը Խուրշուդյանը ճիշտ չի համարում, քանի որ, նրա կարծիքով, Ադրբեջանի համար դրանք
պատճառներ չեն խաղաղության պայմանագիր չստորագրելու համար, այլ՝ առիթներ։ Հետևաբար,
միևնույնն է, Ադրբեջանը չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, եթե Արևմուտքից բավարար
ճնշում չլինի։
Միաժամանակ Խուրշուդյանն ասաց, որ ԱՄՆ-ի համար ապաշրջափակումը
կարևոր է։ Դա է պատճառը, որ անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո Արևմուտքը
կշարունակի ճնշումները, կշարունակի պնդել, որ ապաշրջափակումը տեղի ունենա։
Անդրադառնալով ռուսական սցենարով շարժվող ՀՅԴ-ի բյուրոյի շրջաբերականին,
որով կուսակցության գլխավոր մարմինը հորդորում էր իր կուսակցականներին աջակցել, որ
Արցախի և Հայաստանի կարգավիճակի հարցերը մեկ ընդհանուր սկզբունքով լուծվեն՝ անգամ ինքնիշխանության
զիջման գնով, Խուրշուդյանն ասաց․ «Դա սխալ հաշվարկ է, շատ վտանգավոր, բայց կարծում
եմ, դա տհասության հետևանք չէ, այլ այնտեղ ուղղակի գործակալներ կան, որոնք անում են
սա։ Ի՞նչ է նշանակում Հայաստանին ուղիղ տանել իր անկախությունից հրաժարման, որի արդյունքով
որևէ երաշխիք չկա, որ Հայաստանի ու Արցախի հարցը միաժամանակ կլուծվի, քանի որ ռուսները
կասեն՝ քանի որ Հայաստանը մեր կցորդն է, եկեք Արցախն էլ կցենք։ Ո՛չ, հակառակը՝ Հայաստանից
ավելի հեշտ կկարողանան կտորներ տալ Թուրքիային և Ադրբեջանին՝ ինչպես միշտ է եղել։ Որովհետև
այնտեղ ռուսների համար ավելի մեծ շահեր կան, քան փոքր Հայաստանը, որի մասին Լուկաշենկոյի
շուրթերով ասում են՝ «ու՞մ են հայերը պետք»», - ասաց Խուրշուդյանն ու ավելացրեց՝ այդ
դեպքում ոչ միայն Արցախը, նաև Սյունիքը կկարողանան Ադրբեջանին տալ։
Ըստ նրա՝ Ռուսաստանը ձեռքի մեկ շարժումով իր նշանակած ղեկավարին
ցուցում կտա ու իր ուզածը կանի Հայաստանում, քանի որ մենք այլևս կլինենք ոչ անկախ,
ոչ ինքնիշխան ու չենք կարողանա ընտրել մեր ղեկավարությանը։ «Իրենց ստեղի խամաճիկը՝
տարբեր կասյաններ կանեն այն, ինչ ուզում է
Կրեմլը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան