34 տարի առաջ օգոստոսի 23-ին
ընդունվեց Անկախության հռչակագիրը։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ԳԽ և ԱԺ
նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։
Նա նշեց, որ անկախության համար
եղել են լուրջ և անձնազոհ պայքարողներ, և որ ներկայիս իրավիճակը շատ նման է 90-ականների
սկզբի իրավիճակին։
«Ռուսաստանն ամեն ինչ անում է,
որ մենք հիասթափվենք իրենցից, ճիշտ այդպես է եղել 90-ական թվականներին. Բաքվի, Սումգայիթի,
Կիրովաբադի ջարդերը, Սովետական Միության էթնիկ հայերի նկատմամբ եղել է հատուկ հալածանք, ու սովետական իշխանությունը չի
ապահովել հայերի անվտանգությունը Սումգայիթում, Բաքվում, Արցախում։ «Նագոռնի Կարաբախում»
հայ մարդկանց անվտանգությունն ապահովված չէր՝ ճիշտ այնպես, ինչպես հիմա։ Ստեփանակերտի
անվտանգությունն ապահովում էր Ռուսաստանի ֆեդերացիան, ռուսական բանակը։ Սովետական Միությունը
հայտարարել էր, որ բաց է թողնում 14 հանրապետություններին, թող հեռանան Ռուսաստանից։
Այդ ժամանակ մենք դա գիտեինք, 1990 թվականի օգոստոս ամսին կար Սովետական Միության օրենքը,
որ հանրապետությունները կարող են ինքնորոշվել, ու մենք ինքնորոշվել ենք. Հռչակագիրը
ինքնորոշման մասին է»,- ասաց Ազատ Արշակյանը։
Նա նշեց, որ պետք է դուրս գալ
բոլոր այն կառույցներից, որոնք բեռ են մեր երկրի համար, որոնք կաշկանդում են մեր երկրի
զարգացումը։
Երեկ մեր ձեռքի տակ է հայտնվել
Դաշնակցության իջեցրած 004 շրջաբերականը, որում մասնավորաապես ասված է. «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն»։
Այս առնչությամբ Ազատ Արշակյանն
ասաց, որ իր կարծիքով՝ սա «վեռնապոդաննի» համակարգի դրսևորում է Հայաստանում։
«Եվ ի դեպ, երբ որ ես հիշեցի
1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակումը, նախավերջինը՝ սովետական հանրապետություններից,
դա նույնպես ցույց է տալիս, որ մեզանում շատ ուժեղ էր «վեռնապոդաննիությունը»։ Մեզանում
այդ բանը եղել է, որ պետականությունը անապահովություն է նշանակում, հարկավոր է ինչ-որ
մեկի փեշի տակ կամ թևի տակ մնալ, ապրել , ստեղծագործել, դա միակ ձևն է։ Այսինքն՝ ենթարկվելը
բերում է ապահովություն։ Ես կարծում եմ, որ այդ շրջաբերականը դրա մասին է։ Որովհետև,
եթե հիմա ինչ-որ մարդիկ կարծում են, որ Ռուսաստանն անվտանգության երաշխավոր է, հենց
Ռուսաստանն ինքը անվտանգ երկիր չէ»,- հավելեց Ազատ Արշակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան