Մերձավոր Արևելքում իրավիճակն
ավելի է սրվել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից
և Բեյրութում իսրայելական հարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի
սպանությունից հետո։ Իրանը և ՀԱՄԱՍ-ը Հանիյեի սպանության մեջ մեղադրում են Իսրայելին
և խոստացել են վրեժ լուծել դրա համար։ Իսրայելը չի հաստատել և չի հերքել իր առնչությունը
դրան։
Նշենք, որ Գազայի հատվածում հրադադարի
հաստատման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ Դոհայում կայացել են բանակցություններ,
և առաջին օրվա ընթացքում մասնակիցներն առաջընթաց են գրանցել։ Այս մասին հայտնում է
The Times of Israel պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։ ԱՄՆ-ի, Եգիպտոսի
և Կատարի միջնորդությամբ ընթացող բանակցությունների առաջին օրն անցել է «կառուցողական
քննարկումներով», հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաները՝ հավելելով, որ որոշակի
առաջընթաց է գրանցվել։
Լիբանանում տիրող իրավիճակի,
հայ համայնքի տրամադրությունների և հնարավոր զարգացումների վերաբերյալ Civic.am-ը զրուցել
է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ։
«Կարելի է ասել, որ երկու օր
է՝ որոշակի առումով լարվածությունը թուլացել է, մթնոլորտը լիցքաթափվել է։ Գիտեք, ռազմաքաղաքական
գործընթացները փոխկապակցված են. Գազայի պատերազմ, Լիբանանի հարավային հատված, Կարմիր
ծով: Եվ Գազայի պատերազմի հրադադարի ուղղությամբ Կատարում ընթանում են բանակցություններ.
այդ բոլորը որոշ հանգստություն է հաղորդել Լիբանանին։ Մի քանի հանգամանք այստեղ ևս
դեր են կատարում։ Նախ՝ որոշ ավիաընկերությունները, որոնք առկախել էին իրենց թռիչքները,
հայտարարությամբ են հանդես եկել, որ որոշել են վերստին իրականացնել իրենց թռիչքները
դեպի Բեյրութ»,- ասաց Շահան Գանտահարյանը։
Երկրորդ հանգամանքը, ըստ մեր
զրուցակցի, այն է, որ Սպիտակ տունը հայտարարություն տարածեց, որ Իսրայելն իր առջև դրած
ռազմական խնդիրները լուծել է և պատերազմը հաղթել է: Դա առաջին հայացքից ընկալվում է
իբրև ռազմավարական գործընկերոջ զորակցություն, բայց այս հայտարարության քաղաքական ընկալումը
մտածելու տեղիք է տալիս. Իսրայելը պետք է համարի, որ պատերազմը հաղթել է, և համաձայնի
հրադադարին։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան