Կենտրոնական բանկը հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց
0,25 տոկոսային կետով։ Սա գնաճը զսպելու և տնտեսական ակտիվությունը խթանելու կամ զսպելու
ԿԲ գործիքներից մեկն է։
Ինչո՞ւ է ԿԲ-ն զգուշավորություն ցուցաբերում և արդեն որերորդ անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնում է ընդամենը 02,5 տոկոսով։
Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով
պատճառն այն է, որ որքան էլ այս պահին գնաճի առումով իրավիճակը կայուն է, մյուս կողմից
կան նշանակալի ռիսկեր, որովհետև տնտեսական ակտիվության մի զգալի բաղադրիչ պայմանավորված
է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներով։
Ըստ տնտեսագետի՝ եթե ճգնաժամեր չլինեն, տնտեսությունն իր 5-5,5 տոկոս տնտեսական
աճը կապահովի։ «Եթե դրանից ավելի ցածր աճ արձանագրվի, կնշանակի, որ դու արդեն քո պոտենցիալը
լավ չես օգտագործում։ Բայց, բնականաբար, տարբեր պատճառներով դա կարող է տեղի ունենալ՝
անվտանգային խնդիրների պատճառով կամ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված։ Այսինքն՝
ճգնաժամերի հետևանքով։ Բայց կա այստեղ լավատեսություն՝ նախորդ ճգնաժամային իրավիճակներում
Հայաստանի տնտեսությունը համեմատաբար պակաս կորուստներով դա հաղթահարեց։ Դա նշանակում
է, որ այն որոշ բարեփոխումները, որ տեղի են ունեցել, այն որոշակի ազատականությունը,
որ կա բիզնես ոլորտում իր պտուղները տալիս են՝ չնայած բազում խնդիրների։ Հետևաբար՝
անկում կամ տնտեսական աճի զրոյական աճ բացառել չի կարելի, բայց դա կարող է լինել գլոբալ
շոկի արդյունքում՝ օրինակ Ռուսաստանի հետ կապված լրջագույն խնդիրներ լինեն կամ ՌԴ-ն
որոշի լուրջ քաղաքական քայլեր իրականացնել՝ գազամատակարարման, շուկաները փակելու հետ
կապված, այլ ներքին ցնցումներ ի հայտ գան և այլն։ Այդ դեպքում տնտեսությունը կարող
է արձագանքել։ Միաժամանակ՝ տնտեսության դիմակայունությունն աստիճանաբար բարձրանում
է։ Դա նշանակում է, որ նույն շոկը ամեն հաջորդ տարի եթե տեղի ունենա, ավելի պակաս ազդեցիկ
կլինի, քան եթե լիներ ավելի վաղ», - ասաց Քթոյանը։
Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, որը կարող է անկում ունենալ՝ պայմանավորված
եկամտահարկի վերադարձի օրենքի դուրս գալու հետ, տնտեսագետի կարծիքով պետությունը պետք
է այլ գործիքներ իրականացնի՝ անկումը դանդաղեցնելու նպատակով։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան