Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում չկա այնպիսի բաց, որից հայկական կողմը կկարողանա օգտվել


Էրդողանի՝ Իսրայելին ուղղված սպառնալիքը, որով վերջինս օրինակ էր բերում Թուրքիայի՝  Ղարաբաղ մտնելը, չի նշանակում, թե Թուրքիայի նախագահը ընդունել է, որ թուրքական զորքերը հարձակվել են Ղարաբաղի վրա։ Civic.am-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Նելլի Մինասյանը՝ կարևորելով Էրդողանի խոսքի կոնտեքստը, որը Թուրքիայի նախագահն արել է իր կուսակցության ժողովի ընթացքում․ «Խոսքը ուղիղ միջամտության մասին չէ, այլ նկատի է ունեցել, որ Թուրքիան այնքան է զարգացել, հզորացել՝ հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում, որ Թուրքիան զենք է վաճառում, որը կիրառվել է Ղարաբաղում, Լիբիայում, ինչպես նաև թուրքական սպաների կողմից այդ երկրների զինված ուժերին պատրաստելը։ Այսինքն, հիմա էլ Պաղեստինին կարող են զինել ընդդեմ Իսրայելի։ Նա, միաժամանակ, նկատեց, որ այլ ուժեր էլ այդ դեպքում կարող են զինել քրդերին ընդդեմ Թուրքիայի։

 

Իսրայելի ԱԳՆ-ն արձագանքել էր Էրդողանի ելույթին՝ վերջինիս համեմատելով Սադամ Հուսեյնի հետ՝ ակնարկելով, որ Էրդողանը կարող է կրկնել Սադամի ճակատագիրը։ Թուրքիան, սակայն, փորձում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում ունենալ որոշակի ներգրավվածություն։

 

 «Խոսքը վերաբերում է նրան, թե խնդրի հետագա լուծումը ինչպիսին կլինի։ Բոլորը, այդ թվում՝ ԱՄՆ-ն խնդրի լուծումը տեսնում են երկու պետության ստեղծմամբ։ Իսկ այդ դեպքում Պաղեստինը պետք է ունենա որոշակի համակարգեր, պետք է լինի միջազգային ներգրավվածություն՝ տնտեսական, անվտանգային համակարգեր, և Թուրքիան փորձում է սրան մասնակցություն ունենալ, ինչը կբարձրացնի իր կշիռը Մերձավոր Արևելքում և աշխարհում», - ասաց Մինասյանը։

 

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը, որի մասին հայտնեցին թուրքական լրատվամիջոցները, ապա Հայաստանի ԱԳՆ-ն հաստատեց այն, Նելլի Մինասյանն ասաց, որ առայժմ վաղ է ասել՝ սա կլինի հերթապա՞հ հանդիպում, թե՞ կարելի է ինչ-որ զարգացում ակնկալել։ Միաժամանակ թուրքագետը սահմանային հանդիպումը հայկական կողմից, ըստ էության, զիջում որակեց։

 

Թուրքիայի և Ադրբեջանի միջև չկա այնպիսի բաց, որից կարող է օգտվել Հայաստանը։  «Նրանց մեջ կա ինստիտուցիոնալ համագործակցություն։ Էրդողանի՝  Շուշի չգնալը կապված էր խնդիրների առաջնահերթությունների հետ։ Թուրք ֆուտբոլիստի հետ կապված մեծ սկանդալ կար, Գերմանիայում կա թուրքական մեծ համայնք, Էրդողանը փորձեց դիրքերը պահել այնտեղ», - նշեց թուրքագետը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան