Պետք է հայտարարենք, որ պատրաստ ենք գնալ Բաքու և ստորագրել խաղաղության պայմանագիրը

Չնայած Ալիևը պարբերաբար խոսում էր, որ բանակցությունները պետք է առանց միջնորդների լինեն, սակայն չմասնակցեց Բրիտանիայում երկկողմ հանդիպմանը՝ պնդելով, որ դրան պետք է մասնակցի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Պատճառը, ըստ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի, այն է, որ Բրիտանիան ցանկանում է լինել ոչ թե միջնորդ, այլ ֆասիլիտատոր։ «Այդ հանդիպման ժամանակ չէին հիշատակվելու երեք հայտնի սկզբունքները՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը, խաղաղության պայմանագիրը և դելիմիտացիա-դեմարկացիան, որին պատրաստ չէր բրիտանական կողմը», - ասաց Ստեփանյանը։


Մարիա Զախարովայի՝ ռուսական հարթակում հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ տրամադրելու  առաջարկը, որին Հաջիզադեի մակարդակով համաձայնել է Ադրբեջանը, հայկական կողմը, ըստ քաղաքագետի, պետք է մերժի։ «Ադրբեջանը հարթակներ փոխելով փորձում է ոչնչացնել բանակցային օրակարգը։ Այն օրակարգը, որն այսօր դրված է սեղանին, և որը 90 տոկոսով համաձայնեցված է։ Ալիևը միջնորդենր փոխելով անընդհատ փորձում է ստեղծել նոր հիմքեր բանակցությունների համար և փոխել բանակցային օրակարգը։ Եվ իհարկե Ադրբեջանը համաձայն է, որ բանակցային օրակարգը Ռուսաստան վերադառնա։ Այդ դեպքում մենք չենք ունենալու ո՛չ միջնորդ, ո՛չ ֆասիլիտատոր։ Մենք ունենալու ենք երեք կողմ, երբ երկու՝ ադրբեջանական և ռուսական կողմերի դիրքորոշումները նույնական են, և հայկականը լրիվ առանձին է։ Մեզ համար սա անընդունելի է», -  ասաց Դավիթ Ստեփանյանը։


Cop29  համաժողովին Հայաստանը պետք է մասնակցի, եթե այնտեղ քննարկվի և որոշվի ոչ միայն գերիների ազատման հարցը, այլև ստորագրվի խաղաղության պայմանագիրը, որը, ինչպես նշել էր Ալիևը, 90 տոկոսով համաձայնեցված է։ Հակառակ դեպքում Բաքու գնալն անիմաստ է։ «Cop29-ը պետք է օգտագործենք բոլոր հնարավոր հարթակներում և ձևաչափերում։ Պետք է հիմա գրավոր առաջարկ հնչեցնենք Բաքվին՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ, ինչը պետք է հանրայնացվի։ Պետք է հայտարարենք, որ պատրաստ ենք գնալ Բաքու և ստորագրել դա՝ առանց նախապայմանի։ Եթե Ադրբեջանը չհամաձայնի, մենք կունենանք հիմք՝ Բաքու չգնալու։ Հակառակ դեպքում Ադրբեջանը մեզ մեղադրելու է խաղաղություն չուզելու մեջ։ Այսինքն՝ հերթական անգամ խնդիրը հիվանդ գլխից տեղափոխելու է առողջ գլխի վրա։ Ինչ վերաբերում է Օկամպոյի առաջարկին, ապա, այո՛, եթե Ադրբեջանը մերժի, ապա պետք է աշխատել Cop29-ի դեմ։ Որքանով հասկանում եմ, Ֆրանսիան վետոյի իրավունք ունի։ Եթե Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության օրակարգին, եթե Ադրբեջանը Cop29-ը օգտագործում է մեր դեմ, մենք էլ պետք է աշխատենք Ֆրանսիայի հետ ու թույլ չտանք, որ այդ միջոցառումը ընդհանրապես տեղի ունենա»,- եզրափակեց Դավիթ Ստեփանյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան