ԵՄ գնալուն կողմ եմ, բայց որևէ մեկի ծոցը փրկություն չէ․ Արմեն Մարտիրոսյան

 Ժողովրդավարական ուժերի հարթակը մտադիր է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե նախաձեռնել և այդ առնչությամբ պատրաստվում է ստորագրահավաք անցկացնել։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ։

 

«Ես կողմ եմ, որ մենք մնանք Հայաստանում, որ մենք ձգտենք ո՛չ Ռուսաստան, ո՛չ Ամերիկա, ո՛չ Իրան, ո՛չ Թաիլանդ, մնանք Հայաստանում։ Բայց նենց անենք, որ մարդիկ գան մեզ հյուր, անգամ գան այստեղ ապրեն, որ շենանա, մեծանա, մեր Սփյուռքը վերադառնա, եթե դա հնարավոր է անել, եթե տենց խաբկանքի հավատում ենք և այլն։ Ու ինչ-որ տեղ գնալու կողմնակիցը չեմ: Մաքսիմալ ես ինքս շատ առնչվող, շփվող մարդ եմ ու կարծում եմ՝ այդպես էլ պետք է իմ պետությունը լինի, որ բոլորի հետ ունենա ֆանտաստիկ լավ հարաբերություններ, ջերմ, արդյունավետ, մրցակցային, և իրար հետ ինչ-որ կարևոր գործընթացների մասնակցենք, բայց չձգտի, որ ստեղ կամ ընտեղ լինի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։


Նա նշեց, որ կոնկրետ եվրոպական ընտանիքին շատ կողմ է, ԵՄ-ին շատ կողմ է, այդ գաղափարներին շատ կողմ է, իրեն շատ հարազատ են և այլն, բայց մյուս կողմից՝ ինքը հասկանում է, որ մենք ինչ-որ տեղից փախչում ենք ԵՄ, իր խնդիրն այդտեղ է։


«Ես հիշում եմ, որ մեր բակում մենք չէինք սիրում այն տղաներին, որոնք վախից տնից դուրս չէին գալիս, փախչում էին տուն կամ հորեղբոր տուն։ Ես չեմ ուզում, որ մենք ինչ-որ մեկից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանից կլինի, Ադրբեջանից կլինի, չգիտեմ ումից կլինի՝ փախչենք ԵՄ, որովհետև դա ապաստարան չի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան