Չնայած Ադրբեջանը նշում էր, թե հայ-ադրբեջանական
երկկողմ շփումներն ավելի էֆեկտիվ են, և միջնորդներն անարդյունավետ են, սակայն Միացյալ
Թագավարությունում Ալիևը հրաժարվեց երկկողմ հանդիպումից։ Ինչո՞ւ է Ալիևը հրաժարվում
այդ հանդիպումից։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար,
քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Ադրբեջանը հիմա էլ փորձում էր հանդիպումը եռակողմ
ձևաչափով կազմակերպել՝ ներգրավել անգլիական կողմին։ «Որովհետև ուզում են Մյունխենի
և Պրահայի հանդիպումները ներկայացնել այնպես, որ երրորդ կողմն անընդհատ փոփոխվում է։
Ուզում են ուղղակի ոչնչացնել այն եռակողմ ֆորմատը, որը ձևավորվել է, ուզում են ԵՄ-ին
հանել»,- ասաց Սաֆարյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է ներկայացնել այնպես,
իբր եռակողմ հանդիպումները տեղի են ունենում առանց միջնորդական կողմերի, որ երրորդ
կողմերի ներկայությունը պայմանավորված է ոչ թե ԵՄ միջնորդությամբ, այլ՝ այն երկրի ուղղակի
ներկայությամբ, որտեղ տեղի է ունենում հանդիպումը։ Ալիևը, Սաֆարյանի կարծիքով, ժամանակ
է ձգում՝ հույսով, որ ամերիկյան ընտրություններից հետո իրավիճակ կարող է փոխվել։ «Ադրբեջանն
ուզում է տպավորություն ստեղծել, թե միջոցառումը հյուրընկալող կողմը ուղղակի ներկա
է գտնվում հանդիպմանը։ Իրենց խնդիրն է կոտրել միջնորդական ձևաչափը՝ թույլ չտալ, որ
Միացյալ Նահանգները կամ Եվրամիությունը ունենա միջնորդի մշտական կարգավիճակ»,-
ասաց մեր զրուցակիցը։
Իսկ Մեթյու Միլլերի՝ ծանր փոխզիջումների մասին հայտարարությունը
Սաֆարյանը շատ անհաջող է որակում։ Ըստ նրա՝ անհասկանալի է, թե ի՞նչ ծանր զիջում պետք
է անի հայկական կողմը։ Եթե դա Ադրբեջանին էր ուղղված, ապա կրկին հարց է առաջանում,
թե Ադրբեջանը ի՞նչ ծանր փոխզիջում պետք է անի՝ ըստ Միացյալ Նահանգների։ «Միգուցե Ադրբեջանին
հասկացնում են, որ պետք է պատերազմի և խաղաղության միջև ընտրես խաղաղությունը»,- ասաց
Ստյոպա Սաֆարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան