1 մլրդ 730 մլն դրամ՝ Երևանում կոյուղագծերի փոխարինման համար
1 մլրդ 730 մլն դրամ. այսքան գումար է Երևանի քաղաքապետարանը նախատեսել այս տարի մայրաքաղաքում առաջնահերթ փոխարինման, վերակառուցման, օգտագործման ոչ պիտանի կոյուղագծերը, ջրահեռացման համակարգերը նորացնելու, վերակառուցելու, թարմացնելու համար։ Այսպիսի ծրագիր Երևանում ունի նաև «Վեոլիա ջուրը»։ Այս տարվա ծավալները աննախադեպ են։ Ինչպես նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, եթե 2019-2022 թվականների ընթացքում կառուցվել, վերակառուցվել է ընդամենը 11 կմ կոյուղագիծ, ապա միայն 2023-ին «Վեոլիա»-ի ծրագրերի հետ միասին այն կազմել է 13 կմ, իսկ այս տարի՝ 16։ «Վեոլիա»-ն իր հերթին 22 հասցեներում իրականացնում է 3,7 կմ երկարությամբ կոյուղատար համակարգի վերակառուցում, թարմացում։ Շինարարության ժամկետների մասով խնդիրներ չկան։ Կան տեղեր, որ աշխատանքներն արդեն ավարտվել են, մնացածները կավարտվեն մինչև հոկտեմբեր։ Մեծ ուշադրություն է դարձվում որակին։ Այսքանով, սակայն, մայրաքաղաքի խնդիրները այս ոլորտում լուծում չեն ստանա։ Խնդիրը, ինչպես նշեց Արեյանը, ահագնացող է, ու պետությունը պետք է նաև այլ աղբյուրներով միջամտի այս աշխատանքներին։ Քաղաքապետի նախաձեռնությամբ առաջիկայում կվերանայվի նաև «Վեոլիա ջրի» հետ կնքված պայմանագիրը՝ պարտավորությունների շրջանակը կբերվի դեպի ներդրումային դաշտ, որպեսզի «Վեոլիա»-ն նաև ընդլայնման աշխատանքներ իրականացնի։ Առկա պայմանագրով «Վեոլիա»-ն ունի եղած ցանցի բարելավման պարտադիր կատարման աշխատանքների ծրագիր։  Այսօրվա՝ շինհրապարակներ շրջայցի ընթացքում քաղաքապետի խորհրդականն ու քաղաքապետարանի պաշտոնյաները ծանոթացան ընթացիկ աշխատանքներին։ 7 շենք, հարակից դպրոցը, մանկապարտեզն ու մասնավոր տնտեսություններ այսուհետ կունենան նոր կոյուղատարներ։ Աջափնյակ վարչական շրջանի ներկայացուցչի խոսքով՝ 400 գծամետր երկարություն ունեցող կոյուղատարներ են անցկացվում։ Բացի սրանից, ևս 2 ծրագիր է իրականացվում համայնքում՝ Ֆուչիկի 3, 5, 7 շենքերի արտաքին կոյուղագծերն են փոխվում։ Երրորդ ծրագրով էլ 250 գծամետր կոյուղատար կանցկացվի Լուկաշին փողոցում։ Աշխատանքների մեկնարկը կտրվի մոտակա օրերին։  Շինարարի խոսքով՝ Նազարբեկյան թաղամասում հիմնական աշխատանքներն արդեն արված են, բարդություններ առանձնապես չեն առաջացել։ Իրենց աշխատանքների համար 50 տարվա երաշխիք են տրամադրում, բայց կոյուղատարը կարող է նաև ավելի երկար ծառայել։  Մանրամասն՝ տեսանյութում Վովա Հակոբյան