Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Լավրովն ու Բլինքենը զրուցել են. այն տևել է 8 րոպե
Հնդկաստանում G20-ի միջոցառման շրջանակներում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ զրույց է կայացել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև: Պետդեպարտամենտի տեղեկատվությամբ՝ այն տևել է 8 րոպե: 

Միացյալ Նահանգները կարծում է, որ ներողություն խնդրելու կարիք չունի Նյու Դելիում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարճ զրույցի պատճառով։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Ճեպազրույցի ընթացքում լրագրողները հետաքրքրվել են, թե շոշափվե՞լ է արդյոք Ուկրաինայի թեման, և եթե այո, ապա ինչո՞ւ է Բլինքենը սկսել խոսել այդ մասին, եթե Սպիտակ տունն անընդհատ հայտարարում է, որ կարգավորման շուրջ բանակցությունները կարող են անցկացվել միայն Կիևի մասնակցությամբ։ «Բլինքենը խոսել է (Ուկրաինայի) նախագահ (Վլադիմիր) Զելենսկու առաջարկի բացառապես 10 կետերի մասին»,- պատասխանել է նա։ 

 Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե արդյոք հանդիպումն իսկապես Բլինքե՞նն է խնդրել, և ինչո՞ւ է նա որոշել նման շփումներ ունենալ հենց հիմա, և արդյոք դա նշանակո՞ւմ է իրավիճակի և Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում Վաշինգտոնի մոտեցումների ինչ-որ փոփոխություն։ «Ես գիտեմ, որ ռուսները մեծ նշանակություն են տալիս դրան: Բայց դա կարճատև հանդիպում էր: Մենք ներողություն խնդրելու պատճառ չունենք»,- ի պատասխան ասել է Փրայսը:
 
Բլինքենը բարձրացրել է Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման, Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու անհրաժեշտության և գերիների փոխանակման հարցեր։