Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը Լաչինի միջանցքի թեման քննարկել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
«Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի հետ», - հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարարը ևս մեկ անգամ հերքել է Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ծագած մարդասիրական ճգնաժամի մասին պնդումները։

«Ադրբեջանը պատրաստ է ապահովել տարածաշրջանում բնակվող հայերի, ինչպես նաև Ադրբեջանի բոլոր քաղաքացիների անվտանգությունը», - հանդիպման ժամանակ հայտարարել է ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում երեկ հայտարարել է, որ ՄԱԿ-ի միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում։

azatutyun.am