ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարն առաջիկա օրերին կժամանի Թեհրան
ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգայի գործակալության (ՄԱԳԱՏԵ) գլխավոր տնօրեն Ռաֆաել Գրոսսին մոտ ապագայում կժամանի Թեհրան։ Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի ազգային կազմակերպության ղեկավար Բեհրուզ Քամալվանդին։

«Վերջին մի քանի օրերին մենք խոստումնալից բանակցություններ ենք անցկացրել ՄԱԳԱՏԵ-ի փոխտնօրեն Մասիմո Ապարոյի ղեկավարած պատվիրակության հետ և քննարկել ենք Գրոսսիի առաջիկա այցը Իրան», - հայտարարել է Քամալվանդին։

Սա ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարի առաջին այցը կլինի Իրան՝ նախորդ շաբաթ արևմտյան մամուլում հայտնված հրապարակումներից հետո։ Դրանց համաձայն՝ Իրանը կտրուկ մեծացրել է ուրանի հարստացման ծավալները՝ ընդհուպ մոտենալով միջուկային զենքի ստեղծմանը։