«Հայաստանից արդեն 6000-ից ավելի օգտահաշիվ կա բացված «Աշխատանք ԵԱՏՄ» հավելվածում». ԵԱՏՄ երկրներում աշխատանք գտնելու գործընթացն օրինականացվել է
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում աշխատանք գտնելու գործընթացը հնարավորինս օրինականացվել ու հեշտացվել է։ Գործում է «Աշխատանք ԵԱՏՄ» բջջային հավելվածը, որտեղ առկա են արդեն հազարավոր թափուր աշխատատեղեր։  

Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների տնօրինության ղեկավար Տիգրան Տիգրանյանը մեզ հետ զրույցում  նշում է. ««Աշխատանք ԵԱՏՄ»-ում ռուսական սեգմենտը հասանելի է 2022թ. գարնանից, իսկ  այս տարի հունվարի 31-ին հայկական կոմպոնենտն ենք թողարկել։ Ծրագրից օգտվելու համար պետք է սմարթֆոններում ներբեռնել «Աշխատանք ԵԱՏՄ» հավելվածը»։
Նրա խոսքով՝ հավելվածում այս պահի դրությամբ ներառված են Ռուսաստանի պետական զբաղվածության ծառայության կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերը, որը համակարգում է պետությունը, ներառված են նաև ձեռնարկությունների թափուր աշխատատեղերը: «Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված զբաղվածության պետական գործակալությունում առկա հայտարարությունները ևս զետեղված են հավելվածում։ Նախատեսում ենք նաև Հայաստանի կոմերցիոն հարթակներից թափուր հաստիքներ զետեղել»,- հավելում է Տիգրան Տիգրանյանն ու ընդգծում՝  «Հայաստանից արդեն 3500 թափուր աշխատատեղեր են զետեղված հավելվածում»։ 

Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների տնօրինության ղեկավարը տեղեկացնում է, որ նախագծին ինտեգրվելու համար այս պահին աշխատում են Ղրղզստանի ու Բելառուսի հետ և նախատեսում են, որ այս տարվա ընթացքում ևս 2 ազգային սեգմենտ կներառեն համակարգում։ 

Տիգրան Տիգրանյանի խոսքով՝ հավելվածում առկա աշխատատեղերը հնարավորություն են տալիս առանց միջնորդների, օրինական ճանապարհով ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատանքի տեղավորվելու։ 

««Աշխատանք ԵԱՏՄ» հավելվածը մշակվել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների ֆոնդի միջոցներով, և ԵԱՏՄ երկրներին տրվել է հնարավորություն ինտեգրվելու այդ հավելվածին»,- տեղեկացնում է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Արփինե Մելքումյանը: ««Աշխատանք ԵԱՏՄ» հավելվածում ներառվել են այն բոլոր ծառայություններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը, որը կարող է պետք գալ աշխատանքային միգրանտին՝ ԵԱՏՄ տարբեր երկրներից Հայաստան տեղափոխվելու և այստեղ աշխատելու գործընթացում»,-ասում է նա։ 

Արփինե Մելքումյանի խոսքով՝ «Աշխատանք ԵԱՏՄ» հավելվածում առկա են բոլոր այն թափուր աշխատատեղերը, որոնք հրապարակված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տվյալների շտեմարանում. «Եթե գործատուն ունի թափուր աշխատատեղ, որի մասին հայտարարել է միասնական սոցիալական ծառայությունում, և հայտարարությունը տեղադրվել է «Գործ» տեղեկատվական համակարգում, ապա դրա ռուսերեն տարբերակը գործատուի համաձայնության պարագայում արդեն հասանելի է լինում նաև «Աշխատանք ԵԱՏՄ» հավելվածում»։ 

Հավելվածում առկա է նաև տվյալ երկրի օրենսդրական դաշտի և ծառայությունների մատուցման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, որը կօգնի աշխատանքային միգրանտին ճիշտ կողմնորոշվելու համար։

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների աշխատանք փնտրողները կարող են միանալ հավելվածին՝ ստեղծելով օգտահաշիվ։ Արփինե Մելքումյանը նշում է. «Այս շաբաթվա դրությամբ արդեն 6000-ից ավելի օգտահաշիվ կա Հայաստանի Հանրապետությունից գրանցված։ Որպեսզի աշխատանքային միգրանտը կարողանա մասնակցել տվյալ թափուր հաստիքի համար անցկացվող հարցազրույցին, պետք է դիմի սոցիալական միասնական ծառայության տարածքային բաժին, որը կկազմակերպի հարցազրույցը գործատուի հետ։ Հավելվածով այս պահին դիմելու հնարավորություն չկա, դիմորդը տեսնում է տվյալ մարմնի կոնտակտային տվյալներն ու կապ է հաստատում հավելվածից դուրս»։ 

Արփինե Մելքումյանի կարծիքով՝ սա լավ հնարավորություն է Հայաստանի համար համակարգելու աշխատանքային միգրացիայի խնդիրները, ինչպես նաև աշխատաշուկայում ներգրավելու անհրաժեշտ մասնագետներ, որոնք Հայաստանում առկա չեն։ 

Արդյոք հավելվածը չի՞ նպաստի Հայաստանից արտագաղթի խթանմանը։ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի նախագծերի կառավարման բաժնի ղեկավարը նշում է. «Միգրացիայի տրամադրվածություն ունեցող աշխատանք փնտրողը տարբեր ճանապարհներով գտնում է տվյալ երկիր հասնելու ձևը, և այս բջջային հավելվածը աշխատանք փնտրողին հնարավորություն է տալիս խուսափել կեղծիքներից: Սա պետությունների մակարդակով երաշխիք է աշխատանք փնտրողի համար, որ ինքը հնարավորինս պաշտպանված է այդ կեղծիքներից»։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում