Հանրահայտ սոպրանո Հիբլա Գերզմավայի մասնակցությամբ Երևանում տեղի կունենա «Տոսկա» օպերայի համերգային կատարումը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի համերգային կատարումը երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու հունվարի 10-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Պուչինիի գլուխգործոցը կներկայացնեն աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
«Տոսկայում» Հիբլա Գերզմավայի (Ֆլորիա Տոսկա) խաղընկերներն են միջազգային մեծ ճանաչում ունեցող տենոր Արսեն Սողոմոնյանը (Մարիո Կավարադոսի) և բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին (Բարոն Սկարպիա): Մյուս դերերգերով հանդես կգան Հովհաննես Ներսեսյանը (Չեզարե Անջելոտտի, բաս), Հայկ Տիգրանյանը (եկեղեցու լուսարարապետ, բաս), Տիգրան Մելքոնյանը (Սպոլետտա, տենոր), Արմեն Գրիգորյանը (Շարոնե, բաս), Ֆերդինանդ Մուրադյանը (Բանտապետ, բաս) և Եվա Ազրոյանը (հովիվ, սոպրանո):
Օպերայի համերգային կատարմանը կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):