ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ Վերաքննիչ բողոք է ուղարկել Մարտի 1-ի գործով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը, հիմք վերցնելով Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի՝ ՔՕ 300․1 հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական, արդարացրել էր սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուս նախկին պաշտոնյաներին։
Մարտի 1-ի գործով տուժողների պաշտպաններից Սեդա Սաֆարյանը Civic.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ Գլխավոր դատախազության բողոքը 2 հիմքով է հնարավոր ներկայացնել․ «Մեղադրանքի կողմի բողոքարկումը կլինի այն հիմքով, որ արարքում հանցադեպ կա, և այդպիսի գործում չի կարող քրեական հետապնդում չիրականացվել։ Գործում մոտ 30-32 էջ ամբաստանյալներին վերագրված արարք կա։ Եվ երկրորդ հիմքը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի իրավակարգավորմանը՝ ընթացակարգային առումով, որ այդ հիմքը թույլ չի տալիս, որ Սահմանադրական դատարանի նմանատիպ որոշումներից հետո դատարանն այսպիսի որոշում կայացնի»։
Ի պատասխան հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեն տուժողների պաշտպանները Վերաքննիչ դատարանից, Սեդա Սաֆարյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանում ամբաստանյալը շատ համակրողներ ունի, ըստ նրա՝ այնտեղ ավելի շատ դատավորներ կան, որոնք ավելի մեծ արմատներով են կապված հին իշխանության հետ, և մտավախություն կա, որ էլի սուբյեկտիվ տարրը կգործի․ «Բոլոր դեպքերում մեր ակնկալիքներն ավելի շատ Եվրոպական դատարանից են»,-հավելեց նա։
Այնուամենայնիվ, փաստաբանը կարծում է, որ բոլոր դատավորները չեն, որ հանրության համար մեծ հնչեղություն ներկայացնող և հանրության մեջ տեղի ունեցած հանցագործության դեպքով կարող են նման որոշում կայացնել ինչպես Առաջին ատյանի դատարանի որոշումն էր․ «Մեր կարծիքով կլինեն նաև որոշ դատավորներ, որոնք դեմ կգնան այդ սկզբունքին և թույլ կտան մեղադրողին, որպեսզի ինքն իր մեղադրանքը վերաձևակերպի՝ անգամ ՍԴ-ի որոշման պարագայում»։
Ինչ վերաբերում է ՀՔԾ-ում քննվող Մարտի 1-ի մայր գործին, մեր զրուցակիցն ասաց, որ ինչ էլ քննվի, սույն ամբաստանյալների հետ առնչություն ունի։
Որոշ ժամանակ առաջ, երբ կարճվեց Մարտի 1-ի գործն ու ամբաստանյալներն արդարացվեցին, գլխավոր դատախազը դիմեց ՍԴ Քրեական դատավարական օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։ Սեդա Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՍԴ-ի որոշումն էական ազդեցությո՞ւն կունենա Մարտի 1-ի գործի վրա։
«Քանի որ ՍԴ-ի բացահայտ վերաբերմունքը Սահմանադրական արդարադատություն իրականացնելը չէ, դժվար է կանխատեսումներից խոսել, ամեն դեպքում ՍԴ-ն կհարմարեցնի իր նոր կայացնելիք որոշումը նախկին որոշման հետ»,-եզրափակեց փաստաբանը։
Մարտի 1-ի զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի հայրը՝ Հովսեփ Խաչատրյանը, Մարտի 1-ի գործի բացահայտման հարցում չափազանց թերահավատ է դարձել, նա գտնում է, որ անարդարացի որոշում է կայացվել, երբ արդարացվել են գործով ամբաստանյալները․ «Երբ Ռոբերտ Քոչարյանին անցյալ տարի կալանքից ազատեցին, ես արդեն պատկերացրեցի, որ այսպես է ավարտվելու։ Իրենք պետության մեջ պետություն են, և դատական համակարգը ենթարկվում է իրենց։ Չգիտեմ՝ ի՞նչ արդյունք կտա Գլխավոր դատախազության այս բողոքը»,-մեզ հետ զրույցում ասաց նա։
Մարտի 1-ի զոհի հայրը, անդրադառնալով 2008թ․ իրադարձություններին, շեշտեց, որ Մարտի 1-ը բոլորիս աչքի առաջ էր, երբ խաղաղ միտինգ էր, և տանկերը գալիս էին Երևան․ «Քոչարյանը հաթաթա էր տալիս, ասում էր՝ տասնյակ տարիներով հայտնվելու եք բանտում։ Դրանից արդեն պարզ էր, որ պետք է արյուն թափեին և մտցնեին արտակարգ դրություն։ Ես հենց այդ օրը տղայիս ասացի․ «Տիգրան, առավոտ ժողովրդին ջարդեցին, տանկերը բերել լցրել են, իրենք պետք է արտակարգ իրավիճակ հայտարարեն, սպանություններ կլինեն, ես քեզ խնդրում եմ՝ չիջնես»։ Բայց ինքը իջավ։ Այդ ժամանակ տղաս 21 տարեկան էր»։
Տուժողների պաշտպաններից Տիգրան Եգորյանն էլ տեղեկացրեց, որ Եվրոպական դատարանում քննվող Մարտի 1-ի գործով ուղարկելու են տեղեկատվություն` ներպետական մակարդակում գործի ընթացքի քննության վերաբերյալ։ Իսկ ինչ վերաբերում է առաջին ատյանի դատարանի որոշումն իրենց կողմից բողոքարկելու հարցին, վերջինս ընդգծեց, որ դեռևս չի ստացել ո՛չ առաջին ատյանի դատարանի որոշումը, ո՛չ էլ Գլխավոր դատախազության բողոքը։
Նարա Մարտիրոսյան