«Երեկ իմ աչքի առաջ են եկել, իր ձեռքից համազգեստը, զենքը վերցրել»․ Վարդան Աթաբեկյան
Բորիս Ավագյանը այսօր հրավիրվել է Ազգային ժողով՝ գերիների հարցով աշխատանքային քննարկման և հարցի լուծմանն ուղղված խումբ ձևավորելու համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ անկախ պագամավոր Վարդան Աթաբեկյանը։
 
Բորիս Ավագյանի վերջին հայտարարությունները Վարդան Աթաբեկյանը աղմկահարույց չի համարում  և, կարծում է, որ Արայիկ Հարությունյանի կողմից նրա աշխատանքի ազատումն անթույլատրելի է։
 
Նրա խոսքով՝ նախ մամուլում հրապարակեցին, որ Ավագյանը չի   հանդիսանում  փոխնախարար, և երևի մամուլի ճնշման տակ, հետո իրենք ուղղեցին, ասացին, որ այսօր ենք ազատել Բորիս Ավագյանին։ Նաև ստացվում է, որ ԱԺ պատգամավորները չեն հասկանում՝ ում են կանչում աշխատանքային քննարկման։ Այս քայլով հարվածում են ՀՀ ԱԺ ինստիտուտին։ 
 
«Չեմ հասկանում՝ դրանով ի՞նչ են ուզում կանխել։ Քանի որ մենք հանդիպել ենք գերիների հարցով որևէ բան քննարկելու։ Եթե դուք Բորիս Ավագյանին ազատում եք աշխատանքից, ի՞նչ եք ուզում կանխել։ Այսինքն, որ այդ աշխատանքային խումբը չստեղծվի, գերիների հարցով չզբաղվեն, նպատակը ո՞րն է։ Միգուցե ինֆորմացիա չփոխանցե՞լը», - ասաց պատգամավորը։
 
 Նա նշեց, որ ուղեկցել է պարոն Ավագյանին ու ճանապարհին զանգ է եկել, որ մի ժամվա մեջ իրեն ազատում են աշխատաքնից, - «Այսինքն ի՞նչ աստիճանի ցանկություն ունեք ազատելու, որ չեք համբերում հաջորդ օրվան»։
 
Պարոն Աթաբեկյանը համաձայն չէ նաև այն պնդման հետ, թե Բորիս Ավագյանի հայտարությունը պաշտոնական դիրքի չարաշահում է։
 
«Ինքը, իր ունեցած ինֆորմացիան, լավ գիտակցելով՝ որն է գաղտնիք հանդիսանում, որը չէ, կիսել է պատգամավորների հետ։

Հիմնական շեշտը դրվել է գերիների հարցով աշխատանքային խումբ ստեղծելու վրա։ Ի՞նչ կար այդտեղ պաշտոնական դիրքի  չարաշահման»։
 
Աթաբեկյանը նշեց, որ  Մուրադովը և Ավագյանը զբաղվում են գերիների հարցով, և Ավագյանը ընդամենը անթույլատրելի է համարել այն, որ ԱԺ պատգամավորը գերեվարված զինվորի ծնողներիին ասում է՝ դիմեք դեսպանին, թող դիմի Վ․ Պուտինին, - «Մեր քաղաքացին պիտի դիմի մեր պաշտոնյային։ Նա ասում ա, որ դա անթույլատրելի ա, ու երբ որոշ հայտարարություններով մեղքը բարդում են Մուրադովի վրա, ինքը դա համարում ա ինչ-որ մասով,  նաև իրեն ուղղված։ Իսկ ինքը լավ գիտի, թե իրենք ինչ ջանք են գործադրել։ Ուղղակի հորդորել է, որ նմանատիպ հայտարարություններ չանեն։ Դրա ո՞ր մասն է քաղաքական հայտարարություն»։
 
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանից են Արցախում ակնարկել, որ նրան աշխատանքից ազատեն, Աթաբեկյանը չբացառեց, նշելով, որ շատ տարօրինակ է, որ սկզբում իրենք մամուլում շրջանառեցին, որ Ավագյանը չի   հանդիսանում փոխնախարար, և ստացվում է, որ ԱԺ պատգամավորները չեն հասկանում՝ ում են կանչում աշխատանքային քննարկում անելու, հետո դա շտկեցին, ասացին, որ հիմա ենք ազատել։
 
«Իսկ երեկ իմ աչքի առաջ են եկել, իր ձեռքից համազգեստը զենքը վերցրել։ տարօրինակ է», - նշեց պարոն Աթաբեկյանը։