Բուհերի միավորումը բարդ գործընթաց է, ինչը նշանակում է, որ հարյուրավոր մարդիկ դառնալու են գործազուրկ․ փորձագետ
Հայաստանում գործող բուհերի մասին տեղեկատվությունը ոչ միայն հասանելի է տվյալ բուհերի և ԿԳՄՍ նախարարության կայքերում, այլև ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։ 

Մասնավորապես ԱԳՆ-ի կայքում նշված է, որ  Հայաստանում ներկայումս գործում են 26 պետական (որոնցից 4-ը միջազգային կառավարմամբ) և 33 ոչ պետական (արտոնագրված) բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչպես նաև ներկայացված են որոշ պետական ուսումնական հաստատությունների անվանումներն ու կայքէջերը։ Այս տեղեկատվությունը, բնականաբար, նախատեսված է օտարերկրացիների համար, որոնք պլանավորում են ուսումը շարունակել ՀՀ-ում։ 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ օտարերկրյա ուսանողները հիմնականում Երևանի պետական բժշկական համալսարան են դիմում, որովհետև այնտեղ է իրականացվում օտարալեզու ուսուցում, ԵՊՀ գալիս են փոխանակման ծրագրերով, իսկ ռուսալեզու ուսանողների համար էլ  նախընտրելի է Սլավոնական համալսարանը․ «Մնացած բուհերում մեզ մոտ ուսուցումը հայերենով է,  օտարերկրյա ուսանող, որը հատուկ ընդունվի ԵՊՀ՝ չկա նման բան, սփյուռքահայերն ու ջավախքահայերն են ընդունվում։ Այդ պատճառով էլ մեզ մոտ արտասահմանցի ուսանողների թիվը չի աճում»։  

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով, որն օրերս քննարկվում էր ԱԺ-ում՝ որոշակի փոփոխություն նախատեսվում է օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացման համար։  ԿԳՄՍ նախարարության կայքում մասնավորապես նշված է, որ պահպանելով հայերենի՝ որպես կրթության լեզվի հիմնարար դրույթը, առաջարկվող կարգավորումը նախատեսում է, որ պետական բուհերում որոշ դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ-ում ներկայացնելով նախագիծը խոսել էր ԵՊՀ-ի կարգավիճակից, ինչպես նաև նշել էր, որ Հայաստանում ոչ միայն ոչ պետական բուհերի թիվն է շատ մեծ, այլ նաև պետական բուհերի։ 
Արդյո՞ք Երևանի պետական համալսարանը պետք է ունենա արտոնյալ կարգավիճակ։ Փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ արտոնյալ կարգավիճակ ասվածի փակագծերը բացված չեն, մինչդեռ ԵՊՀ-ին օրենքով ֆինանս հատկացնելը կարող էր նպաստել համալսարանն ավելի հետազոտական հաստատություն դարձնելու համար․ «Իմ կարծիքով ԵՊՀ-ի կառավարման համար են ուզում հատուկ կարգավիճակ տալ, որպեսզի այն իրականացվի հատուկ մեխանիզմներով։  Փորձ է արվում նախորդ իշխանության հնարքը կիրառել, երբ 2017-2018թթ․ այս օրենքը մտնում էր ԱԺ, վերջին պահին որոշվեց, որ ԵՊՀ-ն պետք է ունենա հատուկ կարգավիճակ։ Խնդիրն այն էր, որ  ԵՊՀ-ի խորհրդում կարողանան այնպես անել, որ պաշտոնյաները, և առաջին հերթին Սերժ Սարգսյանը մնար որպես ԵՊՀ խորհրդի նախագահ։ Հիմա նույն սցենարն է արվում։ Այսինքն ԵՊՀ-ին կարգավիճակ է տրվում ոչ թե ինչ-որ արտոնություն տալու համար, այլ սա արվում է, որ ԵՊՀ-ի ռեկտորի հարցը սահուն լուծվի»։ 

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ժողովրդավարական հասարակարգերում միշտ կա այն ենթաթեզը, որ իշխանությունը վատն է, և որպեսզի մենք սահմանափակենք իշխանությանը պետք է նրա լիազորություններին հակակշիռ ստեղծենք․ «Ներկայիս իշխանությունը, երբ որ օրենք է գրում պետք է ինքն իրեն հարց տա՝ եթե ես լինեի ընդդիմություն, կուզենայի՞, որ էսպիսի օրենք ընդունվեր, որովհետև իշխանությունը հավերժ չի։ Եթե այսօրվա իշխանությունները վաղը դառնան ընդդիմություն և ուզենան համալասարանի ռեկտոր ընտրվեն իրենք շանս չեն ունենա, որովհետև որպես ընդդիմադիր արդեն այդ 5 հոգին իրենց դեմ կքվեարկեն»։ 
 
Ինչ վերաբերում է պետական բուհերի մեծ թվին և բուհերի հնարավոր խոշորացմանը՝ Սերոբ Խաչատրյանն ընդգծեց, որ բուհերի խոշորացումը հին ծրագիր է, և 10 տարի է արդեն քննարկվում է․ «ՀՀ-ում բուհերի թիվը շատ է և պետք է կրճատել՝ այս հարցը երկար տարիներ քննարկվում է,  բայց առայժմ որևէ նախարար նման փորձ չի արել։ Միակ փորձը Գյումրիում էր պետական համալսարանը միացրեցին Տնտեսագիտականի մասնաճյուղին, որն էլ ձախողվեց»։  

Սերոբ Խաչատրյանը նաև հավելեց, որ բուհերի միավորումը բարդ գործընթաց է՝ դա նշանակում է, որ հարյուրավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, ինչպես նաև երկրի ներկայիս իրավիճակում դա հեշտ չի անել․ «Ցանկացած իշխանություն, որը փորձի բուհ փակել՝ մեծ աղմուկ կբարձրանա»։ 

Նարա Մարտիրոսյան