Ծառայությունների ոլորտում ՀՀ-ում դիտվել է սպասվածից բարձր ակտիվություն, արդյունաբերության եւ արտահանման ոլորտում ևս կան դրական զարգացումներ․ ԿԲ փոխնախագահ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«2022թ. հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ եւ կազմել է 10.3%։ 12-ամսյա բնականոն գնաճը եւս ավելացել է՝ կազմելով 9,4 %»,-այսօր՝ օգոստոսի 2-ին ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։
Նրա խոսքով՝ միջազգային ապրանքահումքային շուկայում նկատվում է գնաճային ճնշումների որոշակի թուլացում, սակայն գները շարունակում են մնալ պատմականորեն բարձր մակարդակում․ «Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները։ Սա կնպաստի համաշխարհային գնաճային միջավայրի աստիճանական զսպանը։ Այսպիսով արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը որոշակիորեն կթուլանա, սակայն առաջիկայում դեռեւս կպահպանվի»։
Ներսես Երիցյանը հավելեց, որ 2022թ. 2-րդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում՝ մասնավորապես ծառայությունների ճյուղում դիտվել է սպասվածից բարձր ակտիվություն, արդյունաբերության եւ արտահանման ոլորտում եւս կան դրական զարգացումներ։
Նրա խոսքով՝ ՀՀ դրամի արժեւորումը մասամբ չեզոքացնում է գնաճի ավելացումը․ «Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել բարձրացնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ 0,25 տոկոսով՝ սահամանելով 9.5 տոկոս։ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի մոտենալով թիրախային 4 % ցուցանիշին»։