Գնել Սանոսյանը ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը հանձնարարել է ապահովել աշխատանքի բարձր որակ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է հայաստանյան ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ։
 
Նախարարը հանձնարարել է կապալառուներին մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքները, ապահովել իրականացված աշխատանքի բարձր որակ։
 
Նախարարն ընդգծել է կապիտալ ծախսերի կատարման խիստ անհրաժեշտությունը և պահանջել է կապալառուներից գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու համար պլանավորված կատարողականները։
 
 
Նախարարն անդրադարձել է նաև ճանապարհների սպասարկման ոլորտում արձանագրված խնդիրներին, կատարվող աշխատանքների որակին։ Հանձնարարվել է բարելավել սպասարկման մակարդակը։
 
Ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարներն իրենց հերթին նախարարին են ներկայացրել աշխատանքի ընթացքում ի հայտ եկած խնդիրները, աշխատանքը ժամկետներում չավարտելու պատճառները, ծավալվել է քննարկում։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել պարբերական, որոնց ընթացքում կքննարկվեն ի հայտ եկած խնդիրները և դրանց կտրվեն օպերատիվ լուծումներ։