Պարարտանյութի, թունաքիմիկատների, դիզվառելիքի գների բարձրացումը ազդել է գյուղմթերքի ինքնարժեքի վրա. ճիշտ աշխատանքի դեպքում հաջորդ տարի ավելի էժան գներ կարող ենք ունենալ. ինչու՞ է Հայաստանում թանկացել գյուղմթերքը
Ինչո՞վ են պայմանավորված գյուղատնտեսական շուկայում առկա բարձր գները։ Այս ոլորտում ամեն տարի գյուղաբնակներն ու քաղաքաբնակները բախվում են տարբեր խնդիրների՝ բարձր բերքատվությամբ տարիներին գյուղմթերքի գներն իջնում են, գյուղացիները, ֆերմերները ստիպված են լինում հաճախ ինքնարժեքից էլ ցածր գնով իրացնել իրենց ապրանքը, ցածր բերքատվության դեպքում էլ գներն աճում են՝ հարվածելով քաղաքաբնակների գրպաններին։
 
Միաժամանակ, գյուղացիները դժգոհում են, որ նույնիսկ բարձր գների պայմաններում բավարար եկամուտ չեն ստանում։ Պատճառը, ըստ գյուղացիների, պարարտանյութերի բարձր գներն ու դրանց անորակ լինելն է։
Ըստ Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի՝ այս տարվա բարձր գները պայմանավորված են մորմազգի ցեցի դեմ պայքարի ցածր արդյունավետությամբ, ինչի պատճառով բերքատվությունը ցածր է եղել։

Մյուս գործոնը պարարտանյութի գների բարձր լինելն է։ Չնայած կառավարությունը սուբսիդավորել է պարարտանյութերի ձեռքբերումը և գնի 9000 դրամն իր վրա է վերցրել, բայց գներն անցած տարվա համեմատ աճել են։
Բացի պարարտանյութերից գների վրա ազդել են նաև այլ գործոններ:

«Դիզվառելիքը անցյալ տարվա համեմատությամբ թանկացել է 2,8 անգամ, սա էլ այն դեպքում, որ դրամն արժևորվել է։ Իհարկե, տնտեսությանը խփում է նաև դրամի արժևորումը։ Թունաքիմիկատները 2,5 անգամ են թանկացել` գումարվեց ինքնարժեքի վրա, բայց էլի էս գները չէին լինի, եթե կազմակերպված աշխատանք տարվեր»,- ասաց Բերբերյանը։

Ե՛վ բարձր, և՛ ցածր բերքատվությամբ տարիներին գյուղացիները դժգոհում են  ցածր եկամուտից։ Ո՞ր դեպքում գյուղացին կունենա նորմալ եկամտաբերություն։

Ըստ Հրաչյա Բերբերյանի՝ Կառավարության սուբսիդավորման ծրագրերը պետք է ուղղված լինեն անմիջապես գյուղացիներին, իսկ այս դեպքում դրանք արվում են միջնորդավորված՝ բանկերի միջոցով, իսկ ֆերմերները համախմբվելու, միավորվելու, կոոպերատիվներ ստեղծելու ցանկութուն ունեն՝ պետք է ուղղակի Կառավարությունը ճիշտ աշխատի։

Ճիշտ աշխատելու դեպքում հաջորդ տարի կարող ենք ունենալ ավելի ցածր գներ՝ մորմազգի ցեցի դեմ արդյունավետ պայքար մղելու, պարտանյութերի շուկայում ճիշտ և ժամանակին աշխատելու դեպքում։
 
Առավել մանրմասն՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան