Այսօր՝ հուլիսի 22-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից փոխանցվեց Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզը։ Քարտեզը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի շրջանակում։
Civic.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց՝ որ ոլորտներում են լինելու ներդրումները, և ինչպես է ԱՄՆ ՄԶԳ-ի ու կառավարության միջև բաշխվել ֆինանսական պարտավորությունը։
«Ներդրումներ կլինեն մշակող արդյունաբերության, քիմիայի, մետալուրգիայի, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության ոլորտներում։ Բացի դրանից մենք ունենք տրադիցիոն ոլորտներ, որտեղ մենք գիտենք, որ խոշոր ներդրումներ կարող ենք ակնկալել՝ դա անշարժ գույքն է, բարձր տեխնոլոգիական ոլորտն է, առևտուրը և այստեղ ունենք բավական առաջ գնացած խոսակցություններ, սակայն, քանի որ մեր հասարակության մեջ թերահավատությունը բավական բարձր է՝ մենք խոսում ենք նախագծերի մասին, երբ դրանք բավական հասուն էտապում են։»,-ի պատասխան մեր հարցի՝ ասաց Վահան Քերոբյանը։
Նախարարի խոսքով՝ արդեն կան մշակված ծրագրեր՝ օրինակ տնտեսության արդիականացման ծրագիրը լայն թափ է հավաքում և վերջին 2 ամսվա մեջ արդեն մոտ 10 մլրդ դրամի նոր ներդրումներ կան՝ սարքավորումների թարմացման, նոր հոսաքգծերի մեջ։
Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզը ներդրումների խթանման փաստաթուղթ է, ծրագիրը հիմնված միջազգային փորձի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունները։
Անդրադառնալով ֆինանսական բաշխվածությանը՝ Վահան Քերոբյանը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ գործընկերները ֆինանսավորում են ծրագրի հետազոտական աշխատանքները, բայց կոնկրետ ներդրումային գործիքների ֆինանսավորումը, այսինքն ներդրողներին ֆինանսական խթաններ տրամադրելը և այլն՝ դա կառավարության կողմից՝ պետական բյուջեից է լինելու։
«Ներդրումային ճանապարհային քարտեզը մշակվել է մեր հետ միասին, շատ հարցեր համապատասխանացվել են կառավարության ծրագրին։ Այսօրվա ճանապարհային քարտեզը բխում է կառավարության միջոցառումների ծրագրից»,-ասաց Վահան Քերոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին ու ընդգծեց, որ Ճանապարհային քարտեզը դեռևս պետք է հղկվի ու կառավարության որոշման տեսքի բերվի․ «Հույսունեմ, որ աշխատանքը կավարտվի ներդումների մասին նոր օրենքով և մինչև տարեվերջ կունենանք մշակված փաստաթուղթ»։
Նարա Մարտիրոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։