Մինչ այս պահը Օդեսայում ռմբակոծություն չի եղել, բայց երբ անօդաչու սարքեր են պտտվում, միանում է օդային տագնապը. Օդեսայի բնակիչներ
«Ուկրաինայում մեր դեսպանությանը դիմող ուկրաինահայերի քանակը նվազել է, բայց դիմողներ դեռ կլինեն, քանի որ շատերը դեռ թաքնված են նկուղներում, թաքստոցներում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ 

Նա նշեց, որ չի եղել նման բան, որ մեր հայրենակիցներն ուզենան իրենց գտնեն ու չկարողանան չգտնել։ 

Դեսպանը տեղեկացրեց, որ Հայաստանի դեսպանությունը Ուկրաինայում ունի երեք կետ, մեկը Լվովում է, մյուսը՝ Ուժգորոդում, և երրորդը՝ գլխավոր հյուպատոսությունը՝ Օդեսայում։

«Եվ այս երեք տեղերում էլ աշխատանքը նորմալ ընթանում է։ Մեր հայրենակիցները ցանկացած հարցով կարող են դիմել և ստանալ  պատասխանը, անհրաժեշտության դեպքում նաև մեր օժանդակությունը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը։

Մենք զրուցեցինք նաև Օդեսայում բնակվող մեր մի քանի հայրենակիցների հետ, որոնք չենք լքել քաղաքը։ Նրանք մեզ տեղեկացրին, որ մինչ այս պահը Օդեսայում ռմբակոծություն չի եղել, մինչև ժամը ութը աշխատում են խանութները, շուկաներն ու դեղատները, փակ են ռեստորանները, խմիչքի խանութները և ժամանցի վայրերը, իսկ ժամը 20.00-ից հետո գործում է պարետային ժամ։ Օդեսայի մեր հայրենակիցները նաև տեղեկացրին, որ օրվա մեջ մի քանի անգամ միանում է օդային տագնապ ազդանշանը, երբ անօդաչու սարքեր են պտտվում, կամ երբ ծովից ռուսական ռազմական նավերն են փորձում մոտենալ, այդ ժամանակ նրանք պատսպարվում են թաքստոցներում։