Ռուսաստանում առաջնային ապրանքների պահանաջարկը կբարձրանա, որն անդրադարձ կունենա հայկական սնունդ արտադրող ընկերությունների վրա․ Էկոնոմիկայի նախարար. տեսանյութ
Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տնտեսական հնարավոր հետևանքների հաշվարկելու համար մենք գույքագրում ենք բոլոր հնարավոր ռիսկերը, դրանից որոշները տեղի կունենա, որոշները՝ ոչ։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին՝ ասաց ՀՀ էկնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

«Օրինակ մեր կառավարությունում կա տարբեր դիրքորոշումներ արտահանման ծավալների վերաբերյալ՝ կան փորձագետներ, որոնք կարծում են, որ ինչպես 2014-2015թթ․ այնպես էլ հիմա արտահանումը դեպի Ռուսաստան 40 տոկոսով կընկնի, բայց կա նաև տեսակետ, որ չի ընկնի՝ հաշվի առնելով, որ դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներն էապես դժվարանում են»,- հավելեց նախարարն ու մեկնաբանեց, որ հաշվի առնելով այն ընկերությունների հայտարարությունները, ըստ որոնց դեպի Ռուսաստան բեռնափոխադրումները դադարեցվում են՝ դա կհանգեցնի նրան, որ Ռուսաստանում պահանաջարկն առաջնային ապրանքների վրա էապես կբարձրանա և դա անդրադարձ կունենա հայկական սնունդ արտադրող ընկերությունների վրա, քանի որ ՀՀ-ն ՌԴ արտահանում է հիմնականում սննդամթերք։

Նախարարը նաև ընդգծեց, որ արտահանման հարցը կազմակերպվելու է բազմակողմանիորեն, որպեսզի այն բոլոր երկրները, որոնց հետ ՀՀ-ն առևտրատնտեսային հարաբերությունների մեջ է՝ այդ ուղղությունները չտուժեն։  

Անդրադառնալով կառավարության նիստի օրակարգին Քերոբյանը տեղեկացրեց, որ այսօր կառավարության նիստում զեկուցվել է 3 հարց․

«Մեկը խոշոր գյուղատնտեսական ծրագրերի մասին է, որը նախատեսված է խոշոր ներդրումների դիմաց քեշբեք կատարելուն։ Մենք ակնկալում ենք, որ առնվազն մինչև սեպտեմբերի վերջ կունենանք գյուղատնտեսության, անասնաբուծության ոլորտում լուրջ բեկումներ։
Քննարկեցինք նաև պարարտանյութի սուբսիդավորումը և այս որոշումը թույլ կտա, որպեսզի փոքր ֆերմերներն առանց կաշկանդվելու մտնեն գյուղատնտեսության մեջ և ապահովվեն ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարատանյութերով։ Մի շատ կարևոր նախագիծ այսօր չզեկուցվեց՝ դա սերմերի և տնկանյութի մասին նոր օրենքն է, որն ընդունելու պարագայում, մենք արդեն կկարողանանք հավաստագրել ոչ միայն սերմերը, այլ նաև տնկանյութը։ Հավաստագրված տնկանյութը մեծ պրոբլեմ է Հայաստանում և գյուղացիները շատ ժամանակ բախվում են անորակ տնկանյութերի հետ, ինչպես նաև խոշոր ներդրողները հնարավորություն չեն ունենում ընտրել որակյալ տեղական տնկանյութ՝ օրինակ Արենիի խաղողի վազ, տնկիներ և այլն։ Այս օրենքի ուժի մեջ մտնելը հնարավորություն կտա, որ սկսեն աշխատել արդյունաբերական տնկարաններ՝ հավաստագրված տնկանյութով, որը կօգնի մեր գյուղատնտեսությունը դառնա ավելի արտադրողական»։