ՌԴ ԱԳՆ-ն Բաքվի պահանջով հեռացրել է Արեւելյան Հայաստանի վերաբերյալ նշումը
Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ «Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքից հետո ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է Թուրքմենչայի պայմանագրին նվիրված ֆեյսբուքյան սկանդալային գրառումը»։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական էջում հրապարակել էր գրառում, որտեղ Ռուսական կայսրությանը միացված Էրիվանի և Նախիջևանի խանությունները կոչվում էին «Արևելյան Հայաստան»։ Սա վրդովմունք էր առաջացրել Բաքվում։ Այժմ, ըստ Բաքվի լրատվամիջոցների, տեքստից հանվել է «Արեւելյան Հայաստան» հիշատակումը։ Միաժամանակ նշվում է, որ Թուրքմենչայի պայմանագրի հիման վրա Ռուսական կայսրությանը միացված հողերի վրա ստեղծվել է «Հայկական մարզը»։

Ալիեւն այսօր Մոսկվայում ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագիրների ակումբում ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ասել է, որ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության եռակողմ ձեւաչափը «կարող է ձեւավորվել մոտ ապագայում»։

«Կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ մենք կպաշտոնականացնենք այդ հարաբերությունները։ Քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի դաշնակիցն է, հաջորդ քայլը կարծես ինքն իրեն է գալիս»,- ընդգծել է Ալիեւը։ «Երկու մեծ երկրների, երկու հարեւանների հետ Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունի։ Չեմ կարծում, որ որևէ այլ երկիր կարող է պարծենալ դրանով: Արդեն չեմ խոսում այն ​​մասին, որ այս երկրներից մեկը ՆԱՏՕ-ի անդամ է, մյուսը՝ ՀԱՊԿ-ի ղեկավար։ Սա իրականում ձեռքբերում է»,- ասել է Ալիեւը։

«Վստահ եմ, որ ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ ռուսական կողմից տեղի ունեցած եւ ունենալիք իրադարձությունների կապակցությամբ ճշգրտումներ չեն լինի», – ասել է Ալիևը։

Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի լիակատար փոխըմբռնման և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային Ալիևի լոյալ վերաբերմունքի ֆոնին կարելի է ենթադրել, որ «իրադարձությունները, որոնք կարող են տեղի ունենալ մեր տարածաշրջանում», նույն ըմբռնումով կընկալվեն Ռուսաստանի կողմից։

Ալիևն ընդգծել է, որ ներկա պայմաններում Բաքվի և Երևանի միջև հետագա երկխոսության զարգացման վերաբերյալ «դժվար է կանխատեսում անել», քանի որ ղարաբաղյան կարգավորման հարցում «ամեն ինչ թարմ է»։ «Մեր հայտարարությունները և նպատակադրվածությունը խաղաղության հաստատման հարցում դեռևս չեն ընկալվել Հայաստանի ղեկավարության կողմից»,- ասել է նա։