«Ուկրաինայի տեղական իշխանությունները հորդորել են խուճապի չմատնվել, բայց կազմուպատրաստ լինել՝ ամեն րոպե տարհանվելու համար։ Մարդիկ բենզինի, հացի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ են գնում և պատրաստվում են ամեն պահ տարհանվելու։
Մարդիկ անորոշության մեջ են»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Սումիի մարզի Բելոպոլյեի շրջանի Վիրի գյուղում բնակվող մեր հայրենակից Արթուր Գևորգյանը՝ հավելելով, որ մեր զրույցից մոտ կես ժամ առաջ՝ ժամը 13։00-ի սահմաններում, իրավիճակը փոքր-ինչ խաղաղվել էր, սակայն այժմ կրկին պայթյունի ձայներ են լսվում։
Արթուր Գևորգյանի մայրը ուկրաինուհի է, հայրը՝ հայ։ Արթուրը, նրա եղբայրն ու քույրը ծնվել են Հայաստանում, 80-ականների վերջին մշտական բնակության են տեղափոխվել Ուկրաինա։
«Առավոտյան ժամ 5-ի կողմերը գրադի հարվածի ձայներից մեր տունը ցնցվեց, մտածեցինք՝ կփլվի, բայց փառք Աստծու, դեռ կանգուն է։ Սումիում գտնվող բոլոր սկլադները ռուսական հրթիռների հարվածից տրաքել են։ Մի քանի ժամ առաջ էլ Տյոտկինոյի սահմանային անցակետի վրա են կրակել»,- պատմեց Գևորգյանը։
Մեր զրուցակիցն ասաց նաև, որ իր և քրոջ որդիներին կանչել են զինկոմիսարիատ. «Ինձ էլ դեռ չեն կանչել, սրտից հիվանդ եմ, ասեցին՝ դու զապաս ես, առայժմ չենք տանում, բայց եթե տղայիս տարան, ես էլ եմ հետը գնալու»,- ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ բոլոր կրթական հաստատությունները փակ են, իրենց էլ հորդորել են տանը մնալ, ոչ մի տեղ չգնալ ու սպասել մինչև երկուշաբթի։ «Քույրս քանի որ երկաթուղում է աշխատում, նրան կանչել են աշխատանքի»,- հայտնեց մեր զրուցակիցը։ Նա նշեց, որ ինտերնետ կապը անխափան աշխատում է, պետական հաստատություններից եկող ինֆորմացիան հասանելի է, բոլորը գամված են հեռուստացույցին ու հեռախոսներին, հետևում են իրավիճակի զարգացմանը և նախագահ Զելենսկու խոսքին։
Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցը նշեց, որ Խարկովում է իրավիճակը անվերահսկելի, տագնապի ազդանշանները միացված են, մարդկանց են տարհանում։ «Քիչ առաջ էլ ինֆորմացիա գնաց այն մասին, որ սահմանները փակ են, ոչ ոք չի կարող լքել երկիրը։ Ռուս-բելառուսական համատեղ զորքն էլ, ըստ լուրերի, շարժվում է դեպի Կիև»,- հայտնեց մեր զրուցակիցը։