Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող «Էյ-ի-Ջի Սերվիս»-ը հերքում է «Գազպրոմ Արմենիա»-ին վաճառված լինելու մասին լուրը. Քննարկումներ են ընթանում ՍՊԸ-ի գործառույթներն այլ կազմակերպության հանձնելու շուրջ
Մեզ հասած տեղեկություններով՝ ներտնային գազի սպառման համակարգի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ն վաճառվել է «Գազպրոմ Ամենիա» ՓԲԸ-ին, և ՍՊԸ-ն այժմ գործում է ՓԲԸ-ի կազմում։  «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի տնօրինությանը հարցում էինք ուղարկել՝ խնդրելով հայտնել՝  ճի՞շտ է  ՍՊԸ-ի վաճառքի մասին տեղեկությունը։  Եթե այո, ապա ե՞րբ է կայացել վաճառքի գործարքը, և  ի՞նչ գնով է վաճառվել ՍՊԸ-ն։ Մեզ հայտնել էին նաև,  որ առաջիկա ամիսներին ՍՊԸ-ի  աշխատակազմի մի շարք  հաստիքներ կրճատվելու են՝ պայմանավորված վաճառքի հանգամանքով։  Ի պատասխան՝ ՍՊԸ-ի տնօրեն Ա. Նալբանդյանը  հայտնել է.

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ ընկերության վաճառքի գործարք ոչ նախկինում, ոչ էլ հիմա չի կնքվել, ընկերությունը գործում է բնականոն աշխատանքային ռեժիմում և հստակ կատարում է իր ստանձնած պարտավորությունները։ Ընկերությունում աշխատում են 900-ից ավելի աշխատակիցներ, անձնակազմի կրճատման որևէ գործընթաց չի նախաձեռնվել»։  Civic.am-ը հարցում էր ուղարկել նաև «Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ-ին՝ լրացուցիչ ճշտելու՝ արդյոք «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ն վաճառվե՞լ է հիշյալ ՓԲԸ-ին։ Ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիա»-ից հայտնել են.  «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ն իրականացնում է իր գործառույթները բնականոն աշխատանքային ռեժիմով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքված Հանձնարարության պայմանագրի շրջանակներում, և  ընկերության բաժնեմասի վաճառքի հետ կապված որևէ գործարք չի կատարվել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարության և պատկան կառույցների միջև  արդեն  տևական ժամանակ քննարկումներ են ընթանում ներտնային սպասարկման գործառույթների շուրջ: Տեղեկացնում ենք նաև, որ  ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության գործառույթների հետ կապված հարցը ներկայացված  է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետիրոջը՝ «Գազպրոմ» ՀԲԸ-ին»:

Ի՞նչ քննարկումների մասին է խոսքը, որոնք խոշոր գազամատակարար ՓԲԸ-ն վարում է ՀՀ կառավարության և պատկան մարմինների հետ։  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը Civic.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Որքան հիշում եմ՝ քննարկումները սկսվել են 2018-ին։  Քննարկումները առնչվում էին նրան, որ ներտնային սպասարկումը իրականացնի ոչ թե «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ը, այլ, ըստ առաջարկներից մեկի, ՀՀ ԱԻՆ-ը։ Առաջարկ կար նաև, որ մեկ այլ մասնավոր կազմակերպություն իրականացնի»։ Ըստ Ուլիխանյանի՝ «Գազպրոմ-Արմենիա»-ն գազի սպառման համակարգի տեխնիկական սպասարկման գործառույթը  պատվիրել է «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ին։ «Սակայն խնդիրն այն է, որ ներտնային սպասարկման համար ամբողջ պատասխանատվությունը «Գազպրոմ-Արմենիա»-ինն է։ Ու Կառավարության որոշմամբ հաստատված կանոնակարգերով էլ այդ գործառույթի պատասխանատւն «Գազպրոմ-Արմենիա»-ն է, այսինքն՝ պատասխանատվություն է կրում հիշյալ ՓԲԸ-ն։ Այսօր գործող իրավական ակտերով՝ ծառայության դիմաց սահմանված վճարը գնում է հենց այդ ՓԲԸ-ին։  Խնդիրն այն է, որ գործառույթը, որը իրականացնում է «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ը, կարող էր իրականացնել նաև «Գազպրոմ-Արմենիա»-ն՝ իր աշխատակիցների միջոցով, կամ էլ պատվիրել մեկ այլ  կազմակերպության, ինչն էլ արել է»,- պարզաբանում է մեր զրուցակիցը՝ հավելելով. «Քննարկումների ժամանակ խոսվում էր այն մասին, թե հնարավո՞ր է արդյոք մրցակցային ինչ-որ դաշտ ստեղծվի, ու տարբեր կազմակերպություններ գան, իրականացնեն։ Սակայն այս դեպքում անվտանգության պատասխանատվությունը այլևս չէր լինելու «Գազպրոմ-Արմենիա»-ինը, քանի որ չի կարող անվտանգության պատասխանատուն մեկը լինել, բայց ծառայությունը լրիվ այլ կազմակերպություն մատուցել։ Սակայն քննարկումների արդյունքում կողմերը դեռևս չեն հանգել վերջնական եզրակացության»։ 

Ինչ  է ստացվում՝ երբ «Գազպրոմ Արմենիա»-ն կոնկրետ ՍՊԸ-ի, տվյալ դեպքում՝ «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ին է պատվիրակում գազասպառող բաժանորդների  տեխնիկական սպասարկման  ծառայությունը,  ստանձնում է անվտանգության  պատասխանատվությունը, իսկ եթե մեկ այլ կազմակերպություն՝ մասնավոր կամ պետական,  ստանձնի նույն գործառույթը, «Գազպրոմ Արմենիա»-ն հրաժարվելու է  պատասխանատվությունից։  Հնարավոր համարո՞ւմ եք, որ քննարկումների արդյունքում որոշվի ծառայությունը հանձնել պետական որևէ մարմնի, դիցուք՝ ԱԻՆ-ի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին, կամ մրցակցայն դաշտ ստեղծվի՝ այլ կազմակերպությունների ևս հնարավորություն տալով իրականացնել «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ի գործառույթը։ Ուլիխանյանի խոսքով. «Միայն մեզանից դա կախված չէ, սկզբնական նախաձեռնությունը պետք  է գա Կառավարությունից։ Այստեղ կա տեխնիկական կանոնակարգի փոփոխման խնդիր նաև։ Եթե ինչ-որ համաձայնություն ձեռք բերվի, ապա ամբողջ իրավական դաշտը պետք է փոխվի՝ սկսած Կառավարության համապատասխան որոշումներից։ Մենք ընդամենը որպես շահագրգիռ կողմ այս քննարկմանը մասնակցել ենք, սակայն թե ինչպիսին կլինի վերջնական լուծումը, միայն մեզանից կախված չէ։ Խոշոր հաշվով, մեզ՝ Հանձնաժողովի  համար էական չէ, թե ով է իրականացնում այդ գործառույթը, մեզ համար կարևոր է, որ ով էլ անի՝ ԱԻՆ-ը, «Գազպրոմը», թե այլ կազմակերպություն, ստանձնի անվտանգության պատասխանատվությունը, այսինքն՝  գազմատակարարումը լինի անվտանգ»։ 

Նշենք, որ «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ը ստեղծվել է 2007 թ.-ին և կապվում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ։ Վերջինս, հիշեցնենք, 2001-2010 թթ. եղել է  «ՀայՌուսգազարդ» (ներկայիս «Գազպրոմ Արմենիա») ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ Ընկերության հիմնադիրը, ըստ մամուլի, եղել է Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը: Սակայն 2009-ին Վ. Կարապետյանը դուրս է եկել ընկերությունից: «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ում բաժնեմաս ունեն Արթուր և Լուսինե Սուրենյանները՝ 16 և 14 տոկոս բաժնեմասերով: Վերջիններս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի զավակներն են: Արթուր Սուրենյանը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորաքրոջ տղան է։ Այս ընկերության ամենամեծ բաժնետերը (42%) Արսեն Հարությունյանն է:  26% բաժնեմաս ունի նաև քաղաքացի Արթուր Գելեզարովը, ևս 2%՝ Սոնա Պիծակյանը: Վերջինս, ըստ ամենայնի, Արսեն Հարությունյանի կինն է, քանի որ գրանցված են նույն հասցեում:

ՍՊԸ-ն  գործում է ՀՀ ողջ տարածքում, ունի 15 տարածքային և իրենց կազմում 38 տեղամասային ծառայություններ, որոնք սպասարկում են 723 հազար բնակիչ-բաժանորդի և մոտ 6000 բաժանորդ-կազմակերպության: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը մեկ գազօգտագործող սարքավորման համար կազմում է 2270,0 դրամ, երկուսի դեպքում՝ 4540,0 դրամ, երեք և ավելիի դեպքում՝ 6810,0 դրամ։ Նշենք, որ ՍՊԸ-ն սպասարկում է նաև բնական գազը կենցաղային նպատակով օգտագործող հասարակական օբյեկտներին։ 

Համաձայն «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ կայքի՝ իր և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի (ներկայիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) միջև 02.07.2007 թ.-ին կնքվել է «Հանձնարարության պայմանագիր»: Սակայն որևէ տեղ այդ Հանձնարարության պայմանագիրը հրապարակված չէ, ինչպես նաև հրապարակված չեն «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի ընտրության վերաբերյալ ընթացակարգի փաստաթղթերը, համապատասխան որոշումը և սպասարկող անձի ընտրության չափորոշիչները։ ՍՊԸ-ն ընտրվել է առանց որևէ հրապարակային մրցույթի։  

Մրցակից ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարույթը կարճվել է  


Նշենք, որ  գազասպասարկման ծառայություններ  իրականացնող  «Էկոնոմգազ Սերվիս» ՍՊԸ-ն, որի մասին «Հետք» պարբերականը ուշագրավ նյութ էր պատրաստել, 2018  թ. օգոստոսի  16-ին Հանձնաժողով էր ներկայացրել  դիմում՝  հայտնելով, որ 2005 թվականի հուլիսի 8-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  ընդունել է «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 95-Ն որոշումը, որով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության  համար սահմանվել է մենաշնորհ՝ գազի ներտնային սպասարկման ոլորտում: Դիմումում  նշվում էր, որ ՀՀ-ում գազի ներտնային սպասարկումը լիցենզավորվող գործունեության տեսակ չէ, և ցանկացած մասնագիտացված տնտեսվարող սուբյեկտ կարող է իրականացնել նշված ծառայությունը, մինչդեռ Կարգավորող հանձնաժողովի թիվ 95-Ն որոշմամբ սահմանված իրավական նորմերի համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի ներտնային սպասարկման աշխատանքները պետք է իրականացնի անձամբ կամ պայմանագրով հանձնարարի Կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներով ընտրված այլ սպասարկող անձի:

Դիմումատուն վկայակոչել է մի շարք իրավական նորմեր: Դիմումատուն նշել էր  նաև, որ 2005 թ. հուլիսի 8-ից մինչև 2007 թ. հուլիսի 2-ը ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքները իրականացվել են մատակարարի կողմից, իսկ 2007 թվականի հուլիսի 2-ից սկսած մինչ օրս նշված աշխատանքները (ծառայությունները) իրականացվում են «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից՝ համաձայն վերջինիս և «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջև կնքված Հանձնարարության պայմանագրի: Ըստ դիմումատուի՝ գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող կազմակերպության՝ «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի ընտրությունը իրականացվել է ոչ մրցակցային եղանակով՝ առանց այլ կազմակերպությունների կողմից մասնակցության հնարավորության ընձեռման: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ «Էկոնոմգազ Սերվիս» ընկերությունը, վկայակոչելով Սահմանադրությունը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի  5-րդ, 7-րդ, 161-րդ հոդվածները, խնդրել էր  դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ  իրականացնել համապատասխան ուսումնասիրություն և կիրառել օրենքով նախատեսված համարժեք պատասխանատվության միջոցներ: «Էկոնոմգազ Սերվիս» ընկերության կողմից 2018 թվականի օգոստոսի 16-ին Հանձնաժողով ներկայացված դիմումի հիման վրա օրենքով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:

Հանձնաժողովը՝  այն ժամանակվա նախագահ Արտակ Շաբոյանի  գլխավորությամբ, վկայակոչելով մի շարք օրենսդրական ակտեր և հաշվի առնելով  այն հանգամանքը, որ թեև Գազամատակարարի և Հանձնակատարի՝ («ԷՅ-Ի-Ջի Սերվիս»-ի) միջև կնքված պայմանագրի դրույթներից բխող գործողությունները հանգեցրել են մրցակցության սահմանափակմանը ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման ոլորտում, այդուհանդերձ` նշված գործողությունները ամբողջությամբ իրավական կարգավորումների արդյունք են, և սույն վարչական վարույթի արդյունքում օրենքով արգելված իրավախախտումների հատկանիշներ չեն հայտնաբերվել։  Այս հիմքով էլ Հանձնաժողովը կարճել էր  հարուցված վարչական վարույթը: