Սյունիքի մարզի Կապան համայնքում գրանցված «Ջիմել» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս մասնաբաժինը պատկանում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանին, դեռևս 2020թ․ հուլիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից լիցենզիա է ստացել՝ ՀԷԿ-ի կառուցման և էլեկտրաէներգիա արտադրելու համար, սակայն մինչ օրս չի սկսել կառուցման աշխատանքները։
ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը
Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ջիմել» ՍՊԸ-ին լիցենզիան տրվել է մինչև 2038թ․ հուլիսի 2-ը, սակայն կառուցման ժամանակահատվածը սահմանված է մինչև 2023թ․ հուլիսի 2-ը․ «Մինչև 2023թ․ հուլիսը իրենք պետք է կառուցեն ՀԷԿ-ը, որպեսզի հետո անցնեն արտադրության փուլ։ Գործող լիցենզիա է, կասեցված չէ»,-նշեց ՀԾԿՀ մամուլի քարտուղարը։
Մինչդեռ «Ջիմել» ՍՊԸ-ից մեզ պատասխանեցին, որ ՀԷԿ-ի հետ կապված աշխատանքներ չեն տարվում․ «ՀԷԿ-ը կառուցման փուլում չի, կառուցման հետ կապված ոչ մի աշխատանքներ չեն իրականացվում»,- պատասխանեցին ընկերությունից։
Նշենք, որ ըստ azdarar.am կայքի
հայտարարության՝ «Ջիմել» ՍՊԸ-ն մտադիր է Սյունիքի մարզի Կապան համայնքում 0.4ՄՎտ հզորությամբ փոքր ՀԷԿ կառուցել և շահագործել։ Եվ լիցենզիան ստանալուց ամիսներ անց՝ 2020թ․ նոյեմբերին ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի սկեսուրը՝ մանկապարտեզի դաստիարակ Նուրիցա Թումանյանը, հավատարմագրվել է որպես «Ջիմել» ՍՊԸ-ի կառավարիչ։
Թե ինչու մինչ օրս, ՀԾԿՀ-ից լիցենզիան ստանալուց հետո, շուրջ մեկ ու կես տարի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներ չեն իրականացվել՝ ընկերությունից չպատասխանեցին՝ նշելով՝ զբաղված են։ Մեզ մնում էր ենթադրել, որ աշխատանքների հետաձգումը պայմանավորված է երկու հանգամանքով՝ Աննա Գրիգորյանի ամուսնու` Դավիթ Մելիքյանի սնանկությամբ, կամ պատգամավորի սկեսուրի՝ Նուրիցա Թումանյանի այլ աշխատանքով ծանրաբեռնված լինելու հանգամանքով։
Սակայն հաշվի առնելով, որ Դավիթ Մելիքյանը սնանկ է ճանաչվել դեռևս 2018թ․՝ թերևս հարկերից խուսափելու նպատակով (իրեն պատկանող՝ «Lincoln Town Car 2.5» մակնիշի և «Range Rover Classic 4.2I» մակնիշի ավտոմեքնենաների գույքահարկը չմուծելու և Երևան համայնքի հանդեպ 3.065.786 ՀՀ դրամ պարտավորություն ունենալու համար), իսկ «Ջիմել» ՍՊԸ-ն ՀԾԿՀ-ին դիմել է լիցենզիա ստանալու համար 2020թ․՝ ապա հասկանալի է, որ սնանկության գործընթացը չէր կարող ազդել ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների վրա։
Ի դեպ՝ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի աշխատակազմից, ում ներկայումս մակագրված է Դավիթ Մելիքյանի սնակության գործը, մեզ ասացին, որ պարտապանը՝ Դավիթ Մելիքյանը չի բողոքարկել իրեն սնանկ ճանաչած դատավոր՝ Արշակ Պետրոսյանի կայացրած վճիռը։
Ինչ վերաբերում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորի սկեսուրի աշխատանքային ծանրաբեռնվածությանը՝ ընդգծենք, որ Նուրիցա Թումանյանը շուրջ 45 տարի աշխատել է Կապանի թիվ 9 մանկապարտեզում որպես դաստիարակ և թոշակի է անցել 2021թ․ դեկտեմբերին։ Այս մասին մեզ տեղեկացրեց մանկապարտեզի տնօրենը՝ Մարգարիտա Կարապետյանը։ Այսինքն համատեղել է և՛ մանկապարտեզի դաստիարակի, և՛ «Ջիմել» ՍՊԸ-ի աշխատանքները՝ ավելի քան մեկ տարի։ Ի դեպ՝ Նուրիցա Թումանյանին կենսաթոշակի անցնելու կապակցությամբ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը համայնքի բյուջեից 90․000 ՀՀ դրամ պարգևավճար է հատկացրել։
Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Անի Մելիքսեթյանը տեղեկացրեց, որ համայնքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր հաստատությունների աշխատակիցները կենսաթոշակի անցնելուց՝ պարգևատրվում են իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով։
Արդյո՞ք «Ջիմել» ՍՊԸ-ն կհասցնի մեկ տարում կառուցել ՀԷԿ և հանձնել շահագործման։ Նշենք, որ ընկերությունում 50 տոկոս բաժնեմաս ունեցող ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարագրել է 5,500,000 ՀՀ դրամ, 3,000 և 1000 ԱՄն դոլար կանխիկ միջոցներ։
«Ջիմել» ՍՊԸ համարվում է կառուցման փուլում գտնվող փոքր ՀԷԿ, որը պետք է կառուցվի Գեղի գետի Գեղի-Եղվարդ ոռոգման ջրատարի վրա։ Տարեկան արտադրելու է 1,6 մլն կվտժ էներգիա, ներդրումների ծավալն առանց ԱԱՀ կազմելու է 118.1 մլն դրամ։ ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանն ընդգծեց, որ ՀԷԿ-երի կառուցման համար հանձնաժողով դիմած անձինք անհրաժեշտ փաստաթղթերն ու գործարար ծրագիրը ներկայացնելուց բացի ներկայացնում են նաև երաշխիք՝ բանկում սառեցված գումար․ «ՀԷԿ-ը չկառուցելու պարագայում այդ գումարը կգնա պետական բյուջե որպես տուժանք՝ ռեսուրսն օգտագործելու, լիցենզիան ստանալու և չկառուցելու համար»։
Նարա Մարտիրոսյան