ՀՀ-ում թե՛ գործող ատոմակայանի կյանքն ենք երկարաձգելու, թե՛ նոր ատոմակայան ենք կառուցելու. «Ռոսատոմ»-ի հետ աշխատանք է տարվել. Սուրեն Պապիկյանը՝ Արեն Մկրտչյանին
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը անդրադարձավ նոր պղնձաձուլարան հիմնելու վերաբերյալ հայտարարությանը: «Սա ռազմավարական նշանակության չափազանց կարևոր նախագիծ է մեր երկրի համար: Ի՞նչ տեղաշարժեր կան այդ առումով. հարցը 2 մլրդ-ի ներդրման մասին էր»,- հարցրեց պատգամավորը: 

Հարցին պատասխանելով՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդգծեց, որ բավականին ջանք է գործադրվել այդ ուղղությամբ. «Ե՛վ նախընտրական քարոզարշավում, և՛ Կառավարության ծրագրում մենք մեր առաջ նպատակ էինք դրել պղնձի խտանյութի արտահանումը փոխարինել պղնձի ձուլմամբ: Մեր այս ուղերձը ներդրողների կողմից ճիշտ արձագանք է գտել: «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունների խումբը և նրա ղեկավարը ՀՀ-ում բաժնեմասեր ձեռք բերելուց հետո Կառավարությանն առաջարկել են դառնալ այս ծրագրի գործընկեր, և մենք սիրով ընդունել ենք այս առաջարկը»:

Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծվելու է նոր ատոմակայան կամ ատոմակայանի նոր էներգաբլոկ. «Գործընկերներն այս ուղղությամբ արդեն աշխատանք են տարել «Ռոսատոմ»   ընկերության հետ: Նպատակ ունենք Հայաստանում թե գործող ատոմակայանի կյանքը երկարաձգելու, թե նոր ատոմակայան կառուցելու: Այս շղթան բերելու է նրան, որ նոր պղնձաձուլարան կառուցելուց հետո կունենանք թե՛ ձուլված պղինձ, թե՛ դրանից բխող այլ արտադրական շղթա, այլ գործարաններ»: