«Կրակոցներ հանուն խաղաղության»․ռուսական «Կոմերսանտ»-ի անդարդարձը՝ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հայտնվելուն պես մեծ պատերազմն Ադրբեջանի և Հայաստանի միջև տրոհվել է փոքր հակամարտություների: Կրակում են և՛ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, և՛ հայ-ադրբեջանական սահմանին:

Միկրոպատերազմները չեն դադարի, քանի դեռ իրական խաղաղության պայմանագիր չի հայտնվել, իսկ կողմերը չեն լուծել սահմանազատման հարցերը: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած միջադեպերին:

Պարբերականը նշում է, որ ադրբեջանական կողմից հայտնել են Քարվաճառի շրջանի Փիփ (Զեյլիկ) և Ելիջա համայնքների շրջանում տեղի ունեցած կրակոցների մասին, իսկ hայկական կողմից  բնակավայրերի տեղանուններ չեն նշվել։

«Խոսքն, ամենայն հավանականությամբ, սահմանի նույն հատվածի մասին է։ Նման տեղեկություններ ստացվում էին նաև անցյալ տարվա ղարաբաղյան պատերազմի մեկնարկից առաջ: Դրանք շարունակում են հաղորդվել նաև պատերազմի ավարտից և այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայումից մեկ տարի անց»,- նկատում է աղբյուրը։ 

Հոդվածագրի հետ զրույցում ռուսական պետական կառույցների ներկայացուցիչը, որը զբաղվում է տարածաշրջանի հարցերով, նշում է, որ հայ-ադրբեջանական սահմանի խնդիրները պայմանավորված են այն հանգամանքով, որ այն դեռևս սահմանազատված չէ: Այնտեղ խնդիրների հսկայական կույտ կա: Կան անկլավներ, կան գյուղեր, որոնք համարվում են օկուպացված։ Վերջինս որպես օրինակ բերել է Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհը, որը տեղ-տեղ հայտնվում է Ադրբեջանի տարածքում:

«Մոսկվան պատրաստ է օգնել կողմերին քանդել այդ հանգույցները, սակայն գործընթացը հեշտ չի ընթանում: Առայժմ միայն խորհրդակցություններ են տեղի ունեցել սահմանազատման հարցով, սակայն համապատասխան հանձնաժողով ստեղծելու մասին չի հայտարարվել»,- նշում է ռուս պաշտոնյան։

Պարբերականը նշում է, որ սահմանազատման աշխատանքները կարող են տեղի ունենալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժանանակ, որի անցկացման ամսաթիվը դեռևս վերջնականապես չի համաձայնեցվել:

Հոդվածում նշվում է, որ, եթե հաջողվի սկսել սահմանազատման գործընթաց, կողմերը, ամենայն հավանականությամբ, պետք է տարածքների փոխանակում անեն: Իսկ դրան պետք է պատրաստ լինի հասարակական կարծիքը և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում: 

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ԱՊՀ խորհրդի նիստում նոյեմբերի 12-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման գործընթաց սկսել: Երևանում իշխանություններին ավելի բարդ է համաձայնել դրան»,- նկատում է աղբյուրը:

Անդրադառնալով Արցախի տարածքում կողմերի միջև տեղի ունեցող բախումներին և հատկապես նոյեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում ջրատարների վերանորոգման աշխատանքներին մասնակցող 22-ամյա Մարտիկ Երեմյանի սպանությանը, աղբյուրը մեջբերում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին. «Քրտնաջան և պատասխանատու աշխատանքը, որն անում են խաղաղապահները, կանխում է հակամարտությունները պատերազմող կողմերի միջև»: Պարբերականը նման իրավիճակը դժվարանում է խաղաղ անվանել 

Աղբյուրը մեջբերում է ԼՂՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին․ «Մեզ համար ոչինչ չի ավարտվել», «Մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Դա անհնար է: Մենք երբեք չենք հրաժարվի Շուշիից, Հադրութից, Շահումյանից: Դրանք մեր հողերն են»։

«Ռուս խաղաղապահներն այստեղ կմնան ևս 4 տարի: Կերկարաձգվի նրանց տեղակայումը՝ հարց է։ Այն բանից հետո, երբ  պատերազմի արդյունքում ԼՂՀ-ն չափսերով սեղմվել է, տեղի բնակիչները մշտապես ադրբեջանցի զինվորականների են տեսնում: Դա չի ուրախացնում կողմերից և ոչ մեկին»,- նշում է հոդվածագիրը:

«Այս կայուն անկայունությունը կամ անկայուն կայունությունը շարունակվելու է նաև հետագայում: Պատերազմն ավարտվե՞լ է: Եթե կարճ՝ ոչ, չի ավարտվել: Ինչպե՞ս է այն շարունակվելու: Կան հնարավոր տարբերակներ»,- հոդվածում մեջբերվում է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարգարովի խոսքը: