ԵՄ-ի ՍԵՊԱ համաձայնագրով բյուջետային աջակցության ծրագրերը մոտ 80 տոկոսով չեն կատարվել․ Հայաստանը գումար է կորցրել․ նախկին փոխնախարար
Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրով՝ ՍԵՊԱ-ով նախատեսված բյուջետային աջակցության ծրագրերը վերջին տարիներին մոտ 80 տոկոսով չեն կատարվել, ինչի արդյունքում Հայաստանը կորցրել է ավելի քան 95 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն։ Այս մասին Երևանի մամուլի ակումբի կազմակերպած «Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների լուսաբանումը հետպատերազմյան ժամանակաշրջանում» թեմայով սեմինարի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը։

«2019 թվականի ընթացքում ճանապարհային քարտեզով նախատեսված է եղել իրականացնել 9 միջոցառում՝ ՍԵՊԱ-ի կիրարկման ճանապարհային քարտեզով, որից իրականացվել է 3-ը»,-նշեց նախկին փոխնախարարը՝ շարունակելով․ «Ճանապարհային քարտեզով 2020 թվականի ընթացքում նախատեսված է եղել 35 միջոցառում։ 2020 թվականը հիշենք, մարտից սկսած ամիսներով գրեթե պետական համակարգը չէր աշխատում։ Ի՞նչ եք կարծում, այդ 35 միջոցառումն արվե՞լ է, կամ քանի՞սն է դրանցից արվել։ Ընդհանրապես այդ միջգերատեսչական հանձնաժողովը ԵՄ-ի մասով ՍԵՊԱ-ի ե՞րբ վերջին անգամ նիստ արեց, ի՞նչ քննարկեցին»։

Նախկին փոխնախարարի հաշվարկով՝ Հայաստանը ծրագրերի չկատարման արդյունքում կորցրել է ավելի քան 95 մլն եվրո։ Նրա խոսքով՝ ԵՄ ծրագրերի ֆինանսավորումը քաղաքական հայտարարություններով կամ պայմանավորվածություններով չի լինում, այլ միայն ծրագրերի կատարման արդյունքում է ԵՄ-ն գումար տրամադրում։ 

«2020-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին տրված գումարները հենց այն գումարներն էին, որոնք ՀՀ-ն կստանար, եթե կատարեր բյուջետային աջակցության ծրագրերը, քանի որ դրանք արդեն նախատեսված էր տրամադրել ՀՀ-ին»,-նշեց Մելքոնյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանը կատարած լիներ բյուջետային աջակցության ծրագրերը և պարտավորությունները, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավելյալ գումար կստանար ԵՄ-ից։ 

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալի համար «խիստ անհասկանալի է» նաև ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակում ստեղծված «Բիզնես Արմենիա» ներդրումային հիմնադրամի մասնավորեցումը։ «Այդ ծրագրի շրջանակում 1,5 տարի ֆրանսիացի գործընկերները Հայաստանում աշխատել են՝ «Բիզնես Արմենիայում» ֆրանսիական բիզնեսի մոդելը ներդնելու համար, և դա ներդրվել է։ Հետագայում շատ զարմանալի որոշում ընդունվեց՝ կառույցը մասնավորեցվեց հիմնավորմամբ, թե ներդրումների ներգրավմամբ թող զբաղվի մասնավորը։ Ցանկացած երկրում կա պետական մարմին, որը զբաղվում է ներդրումների ներգրավվմամբ»,-տարակուսանք հայտնեց Մելքոնյանը՝ հավելելով, որ 2019-ին հիմնադրամը օտարվել է այդ կառույցում հաշվապահ աշխատած մեկին։
Խոսելով 2018-2019 թվականների, հատկապես 2019 թվականի մասին, վերջինս նշեց, որ այն եղել է այս կառավարության, այսպես ասած, «ոսկե շրջանը»՝ ներդրումները հոսում էին, դրսից մեքենաները բերում էին, բյուջեն գերակատարվում էր, վարկանիշը բարձր էր, հանրային համերաշխությունը էապես կար, ժողովուրդը ընդունում էր կառավարությանը, և ոչ մի բան չէր խանգարում ռեֆորմ անելու համար։

Վերջինս նշեց, որ ինքն է եղել մեքենաների արտոնությունները բանակցող խմբի ղեկավարը և միայն մեքենաների ներմուծման 5 տարվա արտոնության շնորհիվ, 2019 թվականի ընթացքում 60 միլիարդ դրամից ավելի լրացուցիչ բյուջետային մուտք ենք ունեցել, բյուջեն ինքն-իրեն գերակատարվում էր։ 

«Պետք էր պարզապես պրոցեսինգ անել, որ ոստիկանություն, մաքսային վարչարարությունը սահուն գնար, դրա փոխարեն մաքսատունը տարան Գյումրի։ Ինչու՞, ոչ ոք չհասկացավ, մարդիկ 19 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին կիլոմետրերով տռասայի վրա հերթ էին կանգնում։ Եվ դա ինչ-որ առումով այս կառավարության «ոսկե շանսն» էր, որը բաց թողնվեց, որովհետև 2019 թվականին բյուջեն  ծախսային   մասով թերակատարվեց․ կապիտալ ծախսերը էապես չեն արվել, չնայած բյուջեն գերակատարվում էր եկամտային մասով»,-ասաց Մելքոնյանը։ 

Ըստ նրա՝ ինչ-որ չափով պետք է ռեզերվ ունենաս, բայց գումարը պետք է ծախսվի, եթե կուտակում և չես ծախսում, դա տնտեսագիտորեն վատ է ազդում տնտեսության վրա։ 

Վերջինիս խոսքով, եթե պետությունը, որպես պետական մարմին, չի  ուզում երկրում գումար ծախսել, ազդակ է տալիս մասնավորին, թե մի ծախսիր։ «2019 թվականին լրջագույն թերակատարում ենք ունեցել կապիտալ ծախսերի մասով․ հարցի լուծումը՝ դա լավ, էֆֆեկտիվ աշխատող  կառավարման համակարգն է»,-եզրափակեց նախկին փոխնախարարը։