ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական սահմանի մասին» օրինագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի, Արման Աբովյանի «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ըստ նախագծի հեղինակների՝ պետական սահմանին վերահսկողություն իրականացնելու լիազորությունից անհիմն զրկվել է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Նախագծով նախատեսվում է, որ տեսչական մարմինը պետական սահմանին իրականացնի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն:

Նախագծի համահեղինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նշեց, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից: «Բոլոր միջազգային փոխադրումները 2022 թվականից կանցնեն բոլոր տեսակի ստուգումները: Հանգեցինք նրան, որ տեսչական մարմինը վերազինվելու ժամանակ ունենա, որպեսզի հունվարի 1-ից տվյալ օրենքի կիրառումը կարողանա ճիշտ աշխատել երկրում»:  

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2020-ի սեպտեմբերին: