Ֆրանսիական «KM Global Activity»-ի տնօրենը հետաքրքվել է, թե Հայաստանում որ ոլորտներում է հնարավոր ներդրումներ կատարել
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին։

Այս մասին հայտնում են նախարարությունից։

Ընկերությունը Ֆրանսիայում մի շարք խոշոր տենդերներ է հաղթել, իրականացրել շինարարական լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև մասնագիտացված է շինարարության տեխնիկական վերահսկողության աշխատանքներում։ Ընկերության գործադիր տնօրեն Միշա Խաչատրյանը ՏԿԵ փոխնախարարից հետաքրքրվել է, թե ինչով իրենց ընկերությունը կարող է օգտակար լինել Հայաստանին  և որ ոլորտներում է հնարավոր  ներդրումներ կատարել։

Վաչե Տերտերյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ներդրում կատարելու պատրաստակամության համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով ժամանակի բարենպաստ հանգամանքը, երբ եվրոպական և մասնավորապես ֆրանսիական  ընկերությունները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում։

Փոխնախարարն առաջարկել է հետաքրքրություն ցուցաբերել ճանապարհաշինության, ջրամբարաշինության, ինչպես նաև՝ դպրոցաշինություն և մանկապարտեզների կառուցման  ոլորտներում։

Շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանում շինարարությունն իրականացվում է բացառապես մրցութային ընթացակարգով, ՏԿԵ փոխնախարարը  խորհուրդ է տվել  ընկերության ներկայացուցիչներին մասնակցել նաև համայնքային փոքր օբյեկտների տենդերներին և կատարած լավ աշխատանքի շնորհիվ հայկական շուկայում ձեռք բերել ճանաչվածություն։