Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել. Կան զոհեր
Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել։

Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները՝ հղում անելով ականատեսներին։ Կրակոցները հնչել են «Пикник» խմբի համերգից առաջ։

Վերջիններիս փոխանցմամբ՝ տղամարդը հրաձգային զենքից կրակ է արձակել։ Տելեգրամյան ալիքները փոխանցում են առնվազն 12 զոհի ու տասնյակ վիրավորների մասին։

Հրապարակված կադրերից երևում է, որ այրվում է համերգասրահի շենքը, իսկ դահլիճում հնչում են կրակոցներ։

Ականատեսները փոխանցում են, որ հարձակում գործած անձանց թիվն առնվազն 3 է, տելեգրամյան ալիքներն էլ փոխանցում են առնվազն 5-ի մասին։

Baza-ն հայտնում է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կարող է գտնվել մինչև 100 մարդ։ Նրանց մի մասը կարողացել է թաքնվել նկուղում։ Մարդկանց մի մասն էլ 4-րդ հարկում է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը, իսկ այնուհետ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էին այն մասին, որ Մոսկվայում կարող է ահաբեկչություն տեղի ունենալ։

Աղբյուր՝ hetq.am