«Միջազգային իրավունքի ակնհայտ խախտում». ԵՄ-ն հայտարարություն է տարածել ՌԴ-ում անցկացված ընտրությունների մասին
Եվրամիությունը ափսոսանք է հայտնել ՌԴ նախագահական ընտրություններին ԵԱՀԿ դիտորդների բացակայության կապակցությամբ և քննադատության է ենթարկել քվեարկությունը, որն «անցկացվել է խիստ սահմանափակումների պայմաններում»։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Այնուամենայնիվ, հայտարարությունից չի բխում, որ ԵՄ-ն չի ճանաչում Ռուսաստանում ընտրությունների արդյունքները։

«Ընտրություններն անցկացվել են գնալով նեղացող քաղաքական տարածքում, ինչը հանգեցրել է քաղաքացիական և քաղաքական իրավունքների ոտնահարման տագնապալի աճի, թույլ չի տրվել շատ թեկնածուների մասնակցել ընտրություններին, ներառյալ բոլոր նրանց, ովքեր դեմ էին արտահայտվել Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմին, ռուս ընտրողներին զրկել են իրական ընտրությունից և խստորեն սահմանափակել նրանց հասանելիությունը արժանահավատ տեղեկատվությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Բորելը նաև ուշադրություն է հրավիրել Ռուսաստանում ռեպրեսիաների համակարգված ջանքերին և, մասնավորապես, ազատազրկման վայրում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվանը։ 

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Եվրամիությունը չի ճանաչում քվեարկության անցկացումը բռնակցված ուկրաինական տարածաշրջաններում։ «Այս տարածքներում, այսպես կոչված, «ընտրությունները» Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի ևս մեկ ակնհայտ խախտում են, ներառյալ ՄԱԿ-ի Կանոնադրության, ինչպես նաև Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»,- ընդգծել է Բորելը։