«ՄՏՍ Արմենիա»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրատվությամբ կհատկացվի վարչապետի աշխատակազմին. Հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ կառավարության վաղվա՝ փետրվարի 29-ի նիստում ներառված հարցերից մեկը որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին է։ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, ինչպես հայտնի է, հանդիսանում է «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով թվով 550.000 հատ բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատեր: Ընկերության ընդհանուր ժողովի 16.02.2024 թվականի նիստում որոշում է կայացվել, և Ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։
«Հաշվի առնելով Ընկերության առաջարկը և Նվիրառուի համաձայնությունը՝ բաժնետոմսերի ընդունման և հեռահաղորդակցության ոլորտում միմյանց հետ բարեխիղճ համագործակցելու նվիրվածությունը՝ նախագծով առաջարկվում է ընդունել Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հատկացվող բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ վարչապետի աշխատակազմին»,- նշված է նախագծին կից հիմնավորման մեջ։
Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի կողմից, որում նշված է՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Ընկերության հետ համատեղ սահմանված կարգով ապահովել բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումը՝ համաձայն հավելվածի՝ պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացնելով Ընկերության միջոցների հաշվին:
Հավելվածի կետերից մեկում մասնավորապես նշված է․ «Այն դեպքում, երբ Նվիրատուն մտադիր լինի վաճառել Ընկերության իր բաժնետոմսերը, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն Նվիրատուն պարտավոր կլինի հայցել Նվիրառուի համաձայնությունը և թույլտվությունը։ Նվիրառուն պարտավորվում է սույն Պայմանագրի կնքման օրվանից 5 (հինգ) տարվա ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չվաճառել կամ չփոխանցել Բաժնետոմսերը առանց Նվիրատուի գրավոր համաձայնության։ Հնգամյա ժամկետի լրանալուց հետո Նվիրատուն ունի Նվիրառուի բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք»։ Մեկ այլ կետով էլ սահմանված է․ «Կողմերից ոչ մեկը իրավունք չունի ամբողջությամբ կամ մասամբ տրամադրել իրենց բաժնետոմսերը երրորդ անձի կառավարմանը, եթե այլ բան գրավոր կերպով համաձայնեցված չէ Կողմերի միջև»։