Որակի հարցում 0 կոմպրոմիս պետք է լինի. հակառակ դեպքում հարց կծագի՝ էդքան փողն ինչու ենք լցրել հողերի, ջրերի և գույքերի մեջ. վարչապետ
Այսօր կառավարության նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը առաջարկեց 2024թ. պետբյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմին տրամադրել 3 մլրդ 151 մլն դրամ՝ 34 համայնքների թվով 43   սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար:

Ինչպես նշեց նախարարը, ըստ մարզերի ֆինանսավորումը հետևյալն է. Արագածոտն՝ 18.3 մլն դրամ, 2 ծրագրի համար, Արարատին՝ 251 մլն դրամ, երկու ծրագիր, Արամավիր՝ 262 մլն դրամ, 4 ծրագիր, Գեղարքունիք՝ 606 մլն դրամ, 6 ծրագիր, Լոռի՝ 549 մլն դրամ, 11 ծրագիր, Կոտայք՝ 506 մլն դրամ, 6 ծրագիր, Շիրակ՝ 453 մլն դրամ, 4 ծրագիր, Սյունիք՝ 19 մլն դրամ, 1 ծրագիր, Վայոց ձոր՝ 46 մլն դրամ, 3 ծրագիր, Տավուշ՝ 437 մլն դրամ, 5 ծրագիր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչ ահռելի գումարներ են ներդրվում մարզերում ծրագրերի իրականացման համար: «Երբ մի պահ պատկերացնում եմ, որ կարող է որակի հետ կապված խնդիր լինել, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա: Եվ մենք ունենք պրոբլեմներ: Ես ակնկալում եմ, որ 0 կոմպրոմիս լինի մեր ունեցած ոչ բարձր ստանդարտների հարաբերությամբ: Հակառակ դեպքում սա լուրջ խնդիր կդառնա, հարց կծագի՝ էդքան փողն ինչու ենք լցրել հողերի մեջ, ջրերի մեջ, շենքերի մեջ և գույքերի մեջ»: